Երեկ՝ օգոստոսի 7-ին, Ախալքալաքի հիվանդանոցում մահացել է 26 տարեկան կին, ով հուլիսի 30-ին ծննդաբերել էր Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում։ Ախալքալաքում չնայած բժիշկների 26-ժամյա պայքարին, նա մահացավ: Հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում են Ախալցիխեի հիվադանոցի բժիշկներին՝ համարելով, որ նրան չպետք է ծննդաբերությունից հետո դուրս գրեին։
Մզիսա Զազաձեին Ախալքալաքի հիվանդանոց են տեղափոխել օգոստոսի 6-ին, ժամը 12:00 ծայրահեղ ծանր, շոկային վիճակում, սիրտ-թաքային անբավարությամբ։
«Ախալցիխեից տուն են տարել, վատ է զգացել, ճնշումը չեն կարողացել չափել, մայրը չի բերել հիվանդանոց: Բարձր ճնշումով բերեցին մեր մոտ, սրտի աշխատանքը 220 էր։ Մենք արագ վիճակը կարգավորեցինք և կանչեցինք ռեանիմոբիլ: Դրա գալուց հետո վիճակը վատացավ և սիրտը կանգնեց, 3 ագամ սրտի կանգ գրանցվեց, մենք վերակենդանացրինք, 4 ժամ կատաստրոֆան մեր հետ աշխատեց, ուզում էին կայունացնել վիճակը, որ կարողանային տեղափոխել։ Նախարարությունը տեղյակ էր, բոլորն էին տեղյակ, նրան չէր կարելի տեղաշարժել, չկարողացան տանել, սիրտ-թոքային անբավարարություն ուներ», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի բժիշկը, ով 26 ժամ անընդմեջ եղել է հիվանդի կողքին։
Մահացած կնոջ հարազատների խոսքերով, Ախալքալաքի հիվանդանոցից զանգել են տարբեր ռեանիմատոլոգների, հրավիրել Ախալքալաք որպեսզի օգնեն, բայց բոլոր տեղերից մերժում են ստացել։
Մզիսայի հարազատներից մեկի խոսքով, նա մինչ ամուսնանալը ևս ունեցել է բողոքներ սրտից: Սակայն մեր զրուցակիցը մտածում է, որ Ախալցիխեի հիվանդանոցը չպետք է Մզիսային դուրս գրեր:
«Մինչ ամուսնությունը նա ունեցել է սրտից բողոքներ։ Հղիության ընթացքում գինեկոլոգն այս ամենին ուշադրություն չի դարձրել, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը մեծ սթրես է եղել օրգանիզմի համար, կոնկրետ սրտի, ոչ ստուգել են, ոչ էլ կարդիոգրամա են արել: Նրան բնական ճանապարհով ծննդաբերել չէր կարելի, բայց չնայած դրան բժիշկը կեսարյան հատում չի կատարել։ Հիվանդանոցից դուրս են գրել շատ թույլ վիճակում, հազիվ է ոտքի կանգնել», – Jnews-ին ասաց մահացողի հարազատներից մեկը։
Նրա խոսքով, Ախալքալաքում կատարած հետազոտություններից պարզվել է, որ մի թոքն ընդհանրապես չի գործել, բայց Ախալցիխեում այս փաստը նույնպես անտեսել են:
Հարցը պարզելու ակնկալիքով Jnews-ը կապ հաստատեց «Էվեքսի» հոսպիտալի հանրային կապերի ծառայության բաժնի հետ, որպես պատասխան Ախալցիխեի հոսպիտալից մեզ ուղարկեցին հայտարարություն, որում գրված էր.
«Առաջին հերթին ցանկանում ենք մեր խորը վիշտը հայտնել հիվանդի մահվան կապակցությամբ և մեր խորին ցավակցությունը հայտնել ընտանիքի անդամներին։ Երիտասարդ կինը հուլիսի 30-ին Ախալցիխեի հիվանդանոցում ծննդաբերել է ֆիզիոլոգիապես առանց բարդությունների։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում նրա վիճակը կայուն է եղել, և օգոստոսի 3-ին բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից։ Հիվանդի մահվան պատճառները պատկան մարմինները կիմանան հիվանդության պատմության մանրամասն ուսումնասիրությունից հետո», – գրված էր Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալի հաղորդագրությունում:
Հարազատների պնդմամբ՝ 2 անգամ ռեանիմոբիլ են կանչել, ծնողներն ու ընտանիքը պատրաստ են եղել գրավոր համաձայնություն տալ պատասխանատվությունը վերցնելով իրենց վրա, բայց հիվանդին չեն տեղափոխել:
Նորածնի վիճակը լավ է: Թե ով է մեղավոր երիտասարդ կնոջ մահվան մեջ դեռ պարզ չէ, փորձաքննության պատասխանները դեռ չեն հրապարակվել, փաստն այն է, որ 5 օրեկան երեխան մնաց առանց մայր։