Օրջա գյուղում կարճ ճանապարհով երթևեկությունը Վելիխան Հարությունյանի տանն առաջացնում է ցնցումներ: Նա արդեն հոգնել է ամեն անցնող վարորդի հետ վիճելուց, չնայած արդեն վարորդներն էլ են քչացել, քանի որ ճանապարհն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Այս խնդիրը կլուծվի մյուս՝ հիմնական ճանապարհի բարեկարգմամբ, որը պլանավորված է, սակայն հայտնի չէ, թե երբ կիրագործվի:

Օրջա գյուղի բնակիչ Վելիխան Հարությունյանն ապրում է գյուղի կարճ ճանապարհի վերելքի հենց կողքին: Այս ճանապարհից օգտվում են նաև Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերի բնակիչները: Ճանապարհի այս հատվածը Վելիխան Հարությունյանի և վարորդների միջև մի քանի տարի է վիճաբանության առարկա է դառել:

5-6 տարի առաջ Խանդո գյուղից մի բարեգործ, վերանորոգելով Օրջայի միջով իր գյուղ տանող ճանապարհը, ժայռը հարթեցրեց, որպեսզի չշրջանցեն այն և ճանապարհն ավելի կարճանա:

«Նա հարթեցրեց ժայռը, 3 մետր փորեց: Նա ամեն ինչ արեց առանց թույլտվության: Տունը ճեղք տվեց: Շինարարության ավարտից երեք ամիս անց, երբ ճեղքերը արդեն լայն էին, ես դիմեցի դատարան: Հետո ես վախեցա և հետ վերցրեցի իմ հայցը: Նա ինձ առաջարկեց գումար, առաջարկեց մեկ այլ տուն գնել, բայց ես հրաժարվեցի: Սա իմ պապական տունն է, և ես այստեղից չեմ գնա», – ասում է Վելիխան Հարությունյանը:

ordja1

Սվետլանա Հարությունյանը՝ ճանապարհի կողքի տան հարսը, ասում է, որ դեռ շինարարության ընթացքում են բողոքել, բայց իրենց բողոքներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել:

«Երբ մեքենաները բարձրանում են, տունը ցնցվում է կարծես երկրաշարժ լինի: Բարերարն այս ճանապարհը ընտրեց որպես կարճ ճանապարհ », – ասում է Սվետլանա Հարությունյանը:

Օրջա գյուղի բնակիչների մեծամասնության համար միևնույնն է երթևեկել ժայռով թե շրջանցելով, տարբերությունը մոտավորապես 40-60 մետր է, գլխավորն այն է, որ ճանապարհը բարեկարգ լինի: Իսկ ոմանց համար սկզբունքային հարց է, որ ճանապարհն անցնի ժայռով և նրանք ասում են, որ Վելիխան Հարությունյանը մտածված փչացրեց ճանապարհը թողնելով, որ ջուրը ոչ թե եզրերով անցնի, այլ ճանապարհի կենտրոնով:

Ճանապարհին մի քանի հոսքերով անընդհատ հոսում են գյուղի կոյուղագծի ջրերը, որոնք անձրևի հետ միասին լվացել տարել են մանրախիճը և ստեղծել խորը ջրանցքներ: Մինչ ճանապարհի վատթարացումը ու այդ փոսերի վրայով երթևեկող խիզախ վարորդների քչանալը, Վելիխան Հարությունյանը խոչընդոտում էր այս մասով երթևեկությանը:

«Ճանապարհը փակում էի, ոստիկանությունը գալիս ինձ տանում էր: Ճանապարհն արդեն քանդվել է, որոշ մեքենաներ շրջանցում են այն, ոմանք առանց ափսոսալու իրենց մեքենան, բարձրանում են: Սակայն հիմնական ճանապարհը խոստացել են կառուցել այս տարի», – ասում է Վելիխան Հարությունյանը:

Օրջա գյուղում ասում են, որ գեոդեզիստները եկել են, հաշվարկման աշխատանքներ են կատարել, և նրանք հույս ունեն, որ այս տարի ճանապարհը կասֆալտապատվի:

Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կվերանորոգվի ճանապարհը: Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը հաստատեց, որ հիմնական ճանապարհ համարվում է շրջանցող ճանապարհը, և նրանք ունեն Խանդո գյուղի ճանապարհի ասֆալտապատման նախագիծը, որն անցնում է Օրջայով:

«Ես չեմ կարող ասել, այդ ճանապարհի ասֆալտապատումը այս տարի կլինի, թե ոչ: Քանի որ նախագիծը մեծ է, նրա իրականացման համար մենք դիմել ենք շրջանների զարգացման հիմնադրամին: Նրանք աշխատում են դրամաշնորհների հաշվին, եթե գտնեն հովանավորներ, կկառուցեն: Եթե ոչ, ապա մենք ստիպված կլինենք այն կատարել մի քանի փուլով », – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Արագվայի կենտրոնական մայրուղուց մինչ Խանդոյի կիրճը ճանապարհի ասֆալտապատման նախագիծը կազմում է 3 միլիոն 28 հազար լարի:

Շուշան Շիրինյան