«Թարմացված մունիցիպալիտետ» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի կենտրոնական փողոցում շինարարական աշխատանքներ են ընթանում: Այս փուլում մայթերն են բարեկարգվում: Կենտրոնական փողոցում գտնվող խանութների սեփականատերերը դժգոհ են, որ շինաշխատանքները ձգձգվում են:

Ազատություն փողոցի մայթերի բարեկարգման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Մի հատվածում մայթը հիմա անանցանելի է, մեծ փոս է փորած, ինչպես նաև ճանապարհին հող է լցրած, ինչն էլ խոչընդոտում է, որ մարդիկ անարգել խանութներ մտնեն, իսկ մտնելուց էլ ամբողջ հողն ու ցեխը ոտքերի հետ տանում են խանութներ։

«Այս ինչ վիճակ է, վեց ամիս է փորել ու այսպես թողել են, ցեխ է, ամբողջությամբ անանցանելի։ Գիտեք քանի՞ մարդ է վայր ընկել երկաթյա ճաղերի վրա, այն էլ տարիքով մարդ», – ասում Ազատություն փողոցի վրա գտնվող խանութի առևտրականներից մեկը։

Հարևանությամբ գտնվող խանութի սեփականատերը որոշել է ինքնուրույն լուծում գտնել՝ փորձել է հարթեցնել մայթը, մաքրել ցեխից ու հողից։

cekh

Այն տեղեկությունը, որը հասել էր խանութների սեփականատերերին, որ այլևս չեն շարունակի աշխատանքները, փորձեցինք ճշտել քաղաքապետարանից։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է՝

«Մեր պայմանավորվածությունն այսպիսին է՝ ինչքան եղանակները մեզ թույլ տան, այդքան աշխատանքները շարունակվելու են, ինչքան որ հասցրեցին: Բնականաբար, եթե ցուրտ լինի աշխատանքները չեն կարող շարունակվել, բայց այս պահին խոսակցություններն այն մասին, որ աշխատանքները դադարեցվել են, չի համապատասխանում իրականությանը»:

Ինչ վերաբերվում է մայթի վրա փորված մեծ փոսին, որի միջով պետք է անցկացվի նկուղային հարկի կոյուղագիծն ու ջրատարը, ապա այդ աշխատանքներն իրականացնում է Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը։

«Աշխատանքները ավարտելու համար 50 օր ժամկետ ունենք, բայց, իհարկե կաշխատենք շուտ ավարտել։ Քանի որ այդ հատվածը մայթի վրա է, սպասում ենք, որ շինանյութ ստանանք և արագ կփակենք փոսը», – ասում է կենտրոնի տնօրեն Գիրոգի Վախտանգիշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման նպատակով, իրականացնում է «Թարմացված մունիցիպալիտետ» ծրագիրը, որը ենթադրում է կենտրոնական փողոցի և քաղաքի կենտրոնական հրապարակի և շենքերի ճակատային մասերի վերականգնում: