Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Էստոնիան և Իռլանդիան։
Ըստ հեղինակների՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները շատ ավելի լավ են պաշտպանված կեղծ տեղեկություններից, քան Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի երկրները։
Առավելագույն 100 միավորից Վրաստանն ունի ընդամենը 20 միավոր և այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։
Ցանկում ներառված չեն Կովկասի մյուս երկրները։ Ռուսաստանը ևս ցանկում չկա։
Վրաստանի հարևան երկրներից հետազոտության մեջ ընդգրկվել է միայն Թուրքիան, որը Վրաստանից առաջ է 11 միավորով և 5 հորիզոնականով (36-րդ տեղ)։
Վրաստանը հետ է մնում Հյուսիսային Մակեդոնիայից, Կոսովոյից, Բոսնիա և Հերցեգովինայից և Ալբանիայից։
Ուկրաինան 39 միավորով 29-րդ տեղում է։
Հոկտեմբերին հրապարակվել էր նաև Բաց հասարակության ինստիտուտի՝ Սոֆիայի (Open Society Institute – Sofia) զեկույցը,որը պատրաստել էր Եվրոպական քաղաքականության նախաձեռնությունը (European Policies Initiative)։
Վերը նշված զեկույցի մեթոդոլոգիան, իր հերթին, հիմնված է տարբեր միջազգային ինդեքսների վրա՝ «Freedom House»-ի և «Reporters Without Borders»-ի մամուլի ազատության ինդեքսը, «PISA»-ի վարկանիշն՝ ընթերցած տեքստի ըմբռնման, գիտելիքները մաթեմատիկայի մեջ օգտագործելու կարողության, գիտական գիտելիքներ օգտագործելու կարողության ուղղությամբ, ինչպես նաև Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի տարբեր տվյալներ:
Առաջին անգամ հեղինակներն այս տարվա վարկանիշում ներառել են Վրաստանը։
«Բաց հասարակություն – Վրաստան» կայքի սահմանման համաձայն՝ մեդիագրագիտությունը կարելի է համարել «մի կողմից տեղեկատվության հսկայական հոսքում կողմնորոշվելու, տեղեկատվության զտման, իսկ մյուս կողմից՝ նոր տեղեկատվություն/գիտելիք ստեղծելու և փոխանակելու գործիք»։