2020 թվականին Վրաստանի կառավարությունը 7,1 միլիարդ լարի արտաքին պարտք է վերցնում: Ընթացիկ տարում կառավարությունն արտաքին պարտքը փակելու համար 1,1 միլիարդ լարի է ծախսել: Ինչպես նշվում է խորհրդարան ներկայացված փաստաթղթում` մակրոտնտեսական հիմնական կանխատեսումների և նախարարությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ, պարտք վերցնելու և փակելու տարբերությունը կկազմի 7,8 միլիարդ լարի: Այստեղից արտաքին պարտքի մաքուր աճը կազմում է 6,1 միլիարդ լարի, իսկ ներքին պարտքը՝ 1,7 միլիարդ լարի:
Ինչ վերաբերում է հետագա տարիների կանխատեսմանը, ապա 2021 թ.-ին կառավարությունը 3,4 միլիարդ լարի արտաքին պարտք կվերցնի, իսկ 2022-ին՝ 2,1 միլիարդ լարի:
Համաձայն փաստաթղթի՝ 2020 թվականին ՀՆԱ-ի 4% անկումից հետո 2021 թվականին կանխատեսվում է 4%, իսկ 2022-ին՝ 6% ՀՆԱ աճ:
2020 թվականին սպասվում է արտահանման 6,8% անկում և ներմուծման 0,7% աճ: Կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին արտահանումը կաճի 9,5%-ով, իսկ ներմուծումը՝ 6%-ով:
«Ընթացիկ ժամանակաշրջանում մակրոտնտեսական քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսության բարելավմանը, որպեսզի միջնաժամկետ հեռանկարում երկրի զարգացման մակարդակը վերադառնա հնարավոր ցուցանիշների և ապահովվի մակրոտնտեսական կայունությունը: Դրան հասնելու համար հիմնական առաջնահերթություններն են. տնտեսության կայունացում և հաջորդ փուլում կայուն տնտեսական աճ՝ բարձր տեմպերով. գնաճի արագ վերադարձը նպատակային՝ պետական պարտքի արագ և կայուն ծածկում, որն աճեց համաճարակի պայմաններում և ներդրումային միջավայրի բարելավում», – ասվում է փաստաթղթում: