Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմից հայտնում են, որ Վրաստանի նախագահին չեն տեղեկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին:
«Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։
Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է համարում հանրությանը հայտնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։
Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկայացավ։
Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը` մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի նախագահին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ալիեւը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով գտնվում էր Թբիլիսիում։ Հայտարարվեց միայն Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների մասին։ Վերջին անգամ Ադրբեջանի նախագահը Վրաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։
Սալոմե Զուրաբիշվիլին և Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են Բաքվում 2019 թվականի փետրվարին՝ Զուրաբիշվիլիի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո։
Այնուհետ Վրաստան պետության ղեկավարը հրապարակավ հայտարարեց սահմանազատման ընթացակարգն ավարտելու անհրաժեշտության մասին, իսկ քիչ անց այցելեց Դավիթ Գարեջի միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին։
Արդեն 2019 թվականի ապրիլին ադրբեջանցի սահմանապահները փակել էին Բաքվի կողմից վերահսկվող տարածքում գտնվող Ուդաբնո վանքի ճանապարհը։ Ի վերջո ճանապարհը բացվեց ԱԳՆ մակարդակով բանակցություններից հետո, սակայն Ադրբեջանում և Վրաստանում հասարակությունը երկար քննարկեց այս ցավոտ հարցը։