Լրագրող Թամար Մուսերիձեն Վրաստանից միակն է, որն ընդգրկվել է BBC-ի «2023 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում։
Նա Վրաստանում հայտնի է որպես «ვეძებ» խմբի հիմնադիր (vedzeb, «Փնտրում եմ»), որն օգնում է գտնել երեխաներին և ծնողներին:
Լրագրողը պնդում է, որ անցյալ դարի 70-80-ական թվականներին Վրաստանում տեղի է ունեցել երեխաների անօրինական մասշտաբային որդեգրում սև շուկայում, իսկ մայրերին ասել են, որ երեխան մահացել է։
Մուսերիձեն ինքն էլ 31 տարեկանում իմացել է, որ իրեն որդեգրել են, նա դեռ չի գտել իր կենսաբանական ընտանիքը, սակայն օգնում է շատերին վերամիավորվել։
Անցյալ տարի Վրաստանը ցնցված էր 40 տարվա վաղեմություն ունեցող պատմությունից: Գենետիկական անալիզը հաստատել էր, որ Ճիաթուրայի ծննդատանը մահացած հայտարարված երեխան ողջ է: Վերջինիս որդեգրել էր Թբիլիսիում գտնվող մի ընտանիք՝ բարդ սխեմայի միջոցով։
Խումբը մի քանի տարի տեղեկություններ է հավաքել կասկածելի դեպքերի մասին, երբ կանայք չեն կարողացել ծննդատներում իրենց երեխաների մահվան վկայականները ստանալ, իսկ մահացած նորածինների դիակները տարբեր պատրվակներով նրանց չեն տվել։ Ամբողջ տեղեկությունը փոխանցվել է քննչական մարմիններին։
Անցյալ տարվա սեպտեմբերին Վրաստանի ՆԳՆ-ն գործ էր հարուցել անչափահասների թրաֆիքինգի հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ 8-ից 12 տարի ժամկետով։
Այս հանցագործության վաղեմության ժամկետը սահմանված է 25 տարի, մեղավորները, ամենայն հավանականությամբ, չեն պատժվի։ Սակայն դեռևս Վրաստանում շատ կանայք կարծում են, որ իրենց երեխաները իրականում ողջ են և փորձում են իմանալ նրանց ճակատագրի մասին։