Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքահավաքն ավարտման ​​փուլում է: Մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքատվությունը միջինից ցածր է։ Ախալքալաքում միջին բերքատվությունը 25 տոննա/հա է, սակայն այս տարի մեծամասնությունը ստանում է միջինը 15-17 տոննա/հա։ Կարտոֆիլի գինն այսօր հասել է 1,30 լարիի, սակայն թանկացած ինքնարժեքի դեպքում անգամ այս գինը կարտոֆիլագործին չի գոհացնում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները կարտոֆիլի բերքահավաքը այս տարի ավելի շուտ սկսեցին, վախենալով, որ եղանակային պայմանները կխանգարեն, ինչպես դա եղավ անցյալ տարի։ Սակայն բավականին քիչ բերքի պատճառով բերքահավաքն ավարտում են նախատեսվածից շուտ։ Մեր հաշվարկներով, մունիցիպալիտետում բերքի կեսից ավելին արդեն հավաքվել է։ ֆերմերները գոհ չեն ոչ բերքից, ոչ գնից:

Ցածր բերքատվությանը նպաստել են վատ Եղանակային պայմանները՝ ցրտահարումը ցանքսի ժամանակ, չոր եղանակը և ամռան կարկուտը:

Չամդուրա գյուղից Հարություն Ավելյանը ցանել է 4 հա կարտոֆիլ, այսօր նա ավարտեց բերքահավաքը:

«Այս տարի մեր ծախսերը շատացել էին, թեև այս տարի կարտոֆիլն էլ է թանկացել, միևնույն է, չենք փակի մեր ծախսերը: Աշխատուժն էլ է թանկ նստում: Սկզբում 65-70 թեթրիով էի վաճառում, հիմա թանկացել է։ Եթե ​​գնորդներ լինեն, կվաճառեմ»,- ասում է Հարություն Ավելյանը:

Դեռ այս տարվա գարնանը Jnews-ը ուսումնասիրություն էր անցկացրել և սահմանել կարտոֆիլի ինքնարժեքը թանկացման պայմաններում։ Այսպիսով, ըստ ուսումնասիրության, ինքնարժեքը 2021 թվականի համեմատ պետք է բարձրանար 60 տոկոսով՝ 35 թեթրիից դառնալով 56 թեթրի։

Կարտոֆիլի ինքնարժեքը կբարձրանա` JNEWS հետազոտությունը

qartol

Բերքահավաքի սկզբում 1 կգ կարտոֆիլը դաշտից վաճառվում էր 60-80 թեթրիով, իսկ հիմա արդեն վաճառվում է 1,30 լարիով։

Թանկացել է նաև աշխատուժը, աշխատողներին սկզբում վճարում էին 50 լարի, բեռնիչներին՝ 60 լարի, բայց կարտոֆիլի գնի բարձրացման հետ միասին վերջիններս թանկացրեցին նաև իրենց ծառայությունները։

berqahavaq qartol

Անահիտ Սերոբյանն ասում է, որ այս տարի կարտոֆիլի գինն իսկապես բարձր է, բայց բերքը վատն է, իսկ անցյալ տարի լավ բերք է եղել, ուստի ֆերմերը կարողացել է բարձր վարձատրել աշխատուժին։

«Անցյալ տարի մենք լավ բերք ունեինք, ուստի աշխատողներին 60-70 լարիի չափով վարձատրությունը մեր աչքին չէր երևում, իսկ հիմա բերքը վատն է, բացի այդ, դեղերը, պարարտանյութերը թանկ ենք գնել, բոլոր ծառայությունները թանկացել են»,-ասում է Անահիտ Սերոբյանը:

qartoll

Գարիկ Պողոսյանը չի հաշվարկել իր կարտոֆիլի ինքնարժեքը, սակայն կարծում է, որ ծախսերը կկարողանա փակել 1,50 լարիով վաճառելու դեպքում։ Նա 7 հա կարտոֆիլ է ցանել, ծախսել է 100 հազար լարի, ստացել մոտ 120 տոննա կարտոֆիլ։ Այսինքն՝ նրա կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 17 տոննա/հա։

Նա փոքր պահեստ ունի, ցանկանում է կարտոֆիլը վաճառել, գարնան համար թողնելով միայն շատ քիչ մասը։ Բայց, ըստ Գարիկ Պողոսյանի, վերջին օրերին գնորդներն էլ ավելի են քչացել: