Թբիլիսիի Վակեի այգու շատրվանների ավազանում հոսանքահարված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: Շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են:

Ականատեսները պատմել են, որ երեխաները գնդակ են նետել ցայտաղբյուրի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը հետ բերելու համար, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, երրորդ անչափահասը շտապել է օգնության և նույնպես հոսանքահարվել է։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), երեխաները տեղափոխվել են կլինիկա։ ՆԳՆ-ից հայտնել են, որ այս կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով դեռահասի մահվան փաստին, հայտարարել է, որ ողբերգության պատճառները կպարզվեն, և ամենախիստ արձագանքը կտրվի։

Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել մահացած դեռահասի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

«Դժվար է բառեր գտնել՝ արտահայտելու համար այն սրտի ցավը, որն ապրում եմ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այս ամենադժվար պահերին ես ամբողջ սրտով կիսում եմ հանգուցյալի ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների վիշտը»,- ասել է վարչապետը: