Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը», – ասվում է հաղորդագրությունում:
Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։
Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը», – գրել է դիվանագետը դեսպանատան տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», – ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»: