Ռուսաստանի ԱԴԾ-ի տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործում շրջանառվում է վարորդ Արթուր Թերջանյանի անունը, ով Ախալքալաքի բնակիչ է։ Վերջինիս հարազատների տեղեկություններով՝ Արթուր Թերջանյանը վերջերս է սկսել միջազգային փոխադրումներ իրականացնել, իսկ գործում նշված բեռնատարով նա բեռ էր տեղափոխում երկրորդ անգամ։ Հարազատները կոնկրետ տեղեկություններ չունեն Արթուր Թերջանյանի վիճակի մասին, սակայն նրանք լսել են, որ նա գործում վկայի կարգավիճակ ունի։
Ախալքալաքի բնակիչ Արթուր Թերջանյանը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործում հիշատակվում է որպես Փոթիից Հայաստան, ապա Ռուսաստան բեռներ տեղափոխող DAF բեռնատարի վարորդ։ Այս բեռնատարից ապրանքները, ըստ ԱԴԾ-ի, վերբեռնվել են մեկ այլ բեռնատարում, որը պայթել է հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա։
Ըստ լրատվամիջոցների և ՀՀ ՊԵԿ-ի՝ Արթուր Թերջանյանը Հայաստանի և Վրաստանի քաղաքացի է, սակայն, ինչպես Jnews-ին հաջողվել է պարզել հարազատներից, նա միայն ՀՀ քաղաքացի է, ծնվել և ապրում է Ախալքալաքում, ունի Վրաստանում բնակության թույլտվություն: Նրա հարազատները հաստատում են, որ նա աշխատել է ընկերության հետ, իսկ կոնկրետ Ախալցիխեից մի մարդու (խմբ.՝ Սանդրո Ինասարիձե) հետ, ում պատկանում էր DAF բեռնատարը, աշխատել է երկու անգամ, երկու անգամ էլ վարել է տվյալ բեռնատարը։ Հարազատները նշում են, որ նա չէր կարող իմանալ, թե ինչ է եղել բեռնատարում, քանի որ այն տարել է կապարակնիքավորված։ Բայց այն փաստը, որ այնտեղ կասկածելի ոչինչ չի եղել, կարող է հաստատել այն, որ նա մի քանի սահման հատել է սահմանը, անցել է մի քանի սկաներներով։
Հարազատները չգիտեն՝ արդյո՞ք նրան փաստաբան տրամադրել են, քանի որ տեղեկություններ ունեն, որ նա այս գործով վկա է, սակայն վստահ չեն՝ իրականում այդպե՞ս է։ Նրանք նաև հավելեցին, որ Արթուր Թերջանյանը կապ չունի Ուկրաինայի հետ, երբեք չի եղել Ուկրաինայում և այնտեղ ծանոթներ չունի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով 8 ձերբակալվածների մասին։ Արթուր Թերջանյանը, ըստ ամենայնի, նրանցից մեկն է։ Մեքենան, որը նա վարել է որպես վարձու վարորդ, երթևեկել է մի ճանապարհով, որն ընդգրկում է և՛ Վրաստանը, և՛ Հայաստանն ու Ռուսաստանը: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է այս բեռնատարի տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը: Նշվում է, որ ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, և, ստանալով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ, մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:
«Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում»,- ընդգծվում է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ։