Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը, Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 221 մարդ, այդ թվում՝ վեց երեխա։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ եվրոպական երկրների շրջանում այդ ցուցանիշները շատ բարձր են։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Ցավոք սրտի, ճանապարհներին մահացությունների թվով մեր երկիրը դեռևս առաջիններից է Եվրոպայում, ինչը մեզ համար մարտահրավեր է և պահանջում է արդյունավետ միջոցառումներ։ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան դեպքերը 2,7 անգամ ավելի շատ են, քան Եվրոպայում»,- ասել է Դարախվելիձեն։
Վերջինիս խոսքով, Վրաստանում 100 հազար մարդու հաշվով 12 մահ է գրանցվում, մինչդեռ Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 4,4 մահ 100 հազար մարդու հաշվով։
Ընդամենը վեց ամսվա ընթացքում Վրաստանում տեղի է ունեցել 2 572 վթար՝ ծանր հետևանքներով, որոնց հաջորդում են քրեական պատիժներ։ Վթարների կեսը տեղի է ունենում Թբիլիսիում:
Կես տարվա ընթացքում ՃՏՊ-ների ամենատարածված պատճառը երկաթուղային գծերը հատելու կանոնների խախտումն է եղել։ Վեց ամսվա ընթացքում այս պատճառով տեղի ունեցած 1 293 պատահարների արդյունքում զոհվել է 49, տուժել՝ 1 627 մարդ։
Ըստ պատճառների երկրորդ տեղում է հանդիպակած գոտի կամ վազանցի դուրս գալու կանոնների խախտումը: 189 նման պատահար խլել է 22 մարդու կյանք։ Տուժել է 347 հոգի: