«FLEX» ծրագրին գրանցումը սկսվել է սեպտեմբերի 1-ից: Դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 13-ը։ Վրաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները կազմակերպում են առցանց խորհրդատվություն FLEX ծրագրի վերաբերյալ Ջավախքի աշակերտների համար, այս հանդիպման ընթացքում աշակերտները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ և հետաքրքրող ողջ տեղեկատվությունը:

«Future Leaders Exchange Program»-ի (FLEX) հիմնական նպատակը երկրների միջև բարեկամությունն է: Ծրագիրը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի աշակերտներին մեկ ուսումնական տարի անվճար սովորել և ապրել Ամերիկայում։ Այս ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ Կառավարության կողմից։

Մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին. լինեն 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտներ, ծննդյան տարեթիվը՝ 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հուլիսի 15-ը: Ծրագրին կարող են մասնակցել նաև սահմանափակ կարողություններ ունեցող աշակերտները, ովքեր պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ պետք է լինեն 8, 9, 10, 11 և 12 դասարանների աշակերտներ, ծննդյան տարեթիվը՝ 2005 թվականի փետրվարի 15-ից մինչև 2008 թվականի հուլիսի 15-ը։ Մասնակցության համար աշակերտները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://ais.americancouncils.org/flex:

Գրանցվելուց հետո մասնակիցները պետք է անցնեն երեք փուլ. Առաջին փուլը ներառում է հայտադիմումի լրացումը և շարադրություն (երեք) գրելը: Դա անելու համար աշակերտները կունենան 10 օր: Երկրորդ փուլն անգլերենի 15 րոպեանոց թեստն է։ Դե իսկ երրորդ փուլը հայտադիմումը, շարադրությունը, անգլերեն լեզվի թեստը և հարցազրույցը։

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Ջավախքի դպրոցականների համար, Վրաստանի միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները՝ Zoom հարթակի միջոցով, կկազմակերպեն առցանց խորհրդատվություն «FLEX» ծրագրի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ծրագրի կազմակերպիչները կբացատրեն բոլոր այն մանրամասները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հայտերի ընդունման ընթացքում և կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: Ցանկացողները հանդիպմանը կարող են միանալ ստորև նշված հղումով՝

(https://us02web.zoom.us/j/84860977574?pwd=aVNJbERvMU9hMERnR3Q1amsvZkxTQT09):

Հանդիպման գաղտնաբառի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 599770658 կամ 557909065 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ «Future Leaders Exchange Program» (FLEX) մշակութային փոխանակման ծրագիրը ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծվել է 1992 թվականին՝ սենատոր Բիլ Բրեյդլիի կողմից: Ամեն տարի 70 մասնակից Վրաստանից անցնում է եզրափակիչ։ Այս ծրագիրը Վրաստանում գործում է արդեն երեսուն տարի և ունի շուրջ 1500 շրջանավարտ։ Այս ծրագրով ամերիկյան դպրոցում մեկ տարի սովորել են Սամցխե-Ջավախքի շուրջ 100 շրջանավարտներ։ Ամեն տարի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից 2-3 աշակերտ դառնում են ֆինալիստ: