Վրաստանի ՆԳՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղեկություն է հրապարակել Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Գուրիայում և Մեստիայում ապօրինի զենք-զինամթերքի առգրավման մասին։ Ըստ այս տեղեկությունների՝ սեպտեմբերի 18-ին Աղմաշենեբելի փողոցից բերման ենթարկված օտարերկրյա քաղաքացին Ի.Բ.-ն է՝ ծնված 1983 թվականին:
«Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցներն Ախալքալաքում ձերբակալել են 1983 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի Ի.Բ.-ին, որը ձերբակալվել է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում ձերբակալվածի քաղաքացիությունը, սակայն, ըստ Jnews-ի, նա Թուրքիայի քաղաքացի է և Ախալքալաք է ժամանել թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենայով։
Ձերբակալվածի և նրա մեքենայի խուզարկության ժամանակ, ըստ ՆԳՆ-ի, իրավապահները առգրավել են հրազեն, ամրակներ և 11 պարկուճ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածով։ Այս արարքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Ինչի՞ համար են Ախալքալաքում ձերբակալել Թուրքիայի քաղաքացուն