Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը 18:00-ից հետո Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում մի քանի ժամ օպերատիվ-հետախուզական գործողություն է անցկացվել տեղի ոստիկանների կողմից։ Արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Ախալքալաքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անձը ձերբակալվել է «հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի կերպով ձեռք բերելու, պահելու, կրելու, արտադրելու, փոխադրելու, փոխանցելու կամ իրացնելու» համար:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածով։ Այս հանցանքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Այլ մանրամասներ ՆԳՆ-ից չեն հայտնում։
Jnews-ի տեղեկություններով՝ այս անձը մինչ ձերբակալությունը հետախուզման մեջ է գտնվել։