Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կպահպանի հրադադարը։
«Ռազմի դաշտում Ադրբեջանը էական հաջողության չի հասել. մեր բանակի շնորհիվ հնարավոր է եղել թույլ չտալ ավելի մեծ պլանի իրագործումը, որը եղել է սեղանին։ Եվ քանի որ այդ դաշտում չի ստացվել հաջողել, նրանք սկսել են գործընթացներ հենց ՀՀ ներսում»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ այդ մասին առավել մանրամասն կխոսի Պաշտպանության նախարարությունը։