Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում խմելու ջրի խնդիրը առկա է տարիներ շարունակ։ Գյուղի բնակիչների 70 տոկոսը տարվա բոլոր եղանակներին ջուրը դույլերով են կրում։ Տեղական իշխանությունը գյուղի ջրամատակարարման խնդրի լուծման նպատակով կառուցելու է պոմպակայան։

Օլավերդ գյուղը գտնվում է սարերի ստորոտին, տարածքում ջրի աղբյուրները շատ են, բայց գյուղը ջրի խնդիր ունի։ Ինչպես գյուղացիներն են նշում, բնակչության 70 տոկոսին այն չի հասնում, նրանք էլ գյուղի կենտրոնից, մեծ տարաներով կամ դույլերով են կրում ջուրը։

jratar

Ջուր է գյուղ հասնում երկու տեղից՝ Լևանա լճից, որը օգտագործում են կենցաղում, խմելու պիտանի չէ, և ավազանից, որը չի կարող բավարարել գյուղի խմելու ջրի պահանջը։

«Ոչ մի բան էլ չունենք, ստից մարդ ենք, ապրում ենք։ Ջուրը սարից է հոսում, հիմա գնացին, որ բացեն ջուրը հասնի գյուղ։ Բացում են մի 2-3 ժամով, կրկին փակում, որ էլի լցվի ավազանը», – ասաց գյուղի բնակիչներից մեկը։

jur

Քանի որ ջուրը քիչ է, գյուղում մշտական օգտագործել չեն կարող։ Սպասում են ավազանը լցվի, մի քանի ժամով միացնում են, հետո կրկին փակում, որ լցվի և այդպես ամեն օր, տարվա բոլոր եղանակներին։ Սակայն ձմռանը լինում է, որ այդ ջուրն էլ չի հասնում գյուղ՝ սառչում է։

«Հիմա գյուղում կա երեք աղբյուր, որոնք օգուտ չեն տալիս բնակիչներին, ջուրը ներքևում է, իսկ գյուղը վերևում ջուրը չի հասնում տներ։ Հիմա պետք է շարժիչ և պոմպ տեղադրեն», – ասաց գյուղի բնակիչ Մարտին Քթրյանը։

Ջիվան Ներսիսյանն էլ ավելացնում է. «Հիմա ներքևից ջուրը կհասցնեն 240 տոննա տարողությամբ գյուղի ավազանը, որ այդտեղից հասնի ողջ գյուղին»։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի ջրամատակարարման պոմպակայանի կառուցման և մայրուղային խողովակաշարի վերականգնման աշխատանքների համար հայտարարվել է էլեկտրոնային մրցույթ՝ 134 602 լարի արժողությամբ, որը հաղթել է Լևոն Քերոպյանը՝ 113 000 լարիով։

Պոմպակայան կառուցելու համար տեղը որոշված և գծանշված է։

jrakayani taracq

Գյուղի մասնագետ Ներսեսյան Եսային ասաց, որ աշխատանքները նոր են սկսել։

«Պոմպակայանի շարժիչի տեղադրման համար նոր շենք ենք կառուցելու, կենտրոնական ջրատար խողովակները կփոխվի
ամբողջությամբ, որպեսզի ջուրը պոմպով լցվի ավազան և այնտեղից ինքնահոս հասնի գյուղ», – ասաց Եսայի Ներսեսյանը։

xoghovakner

Ներսեսյանը և գյուղացիները հույս են հայտնում, որ աշխատանքները այս տարի կավարտվեն և գյուղում բոլորը կապահովվեն խմելու ջրով։