Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում պահպանվում է հրադադարի ռեժիմ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է հաղորդագրությունում։

Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում սկսվել են գիշերը և շարունակվել այսօր առավոտյան: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի, ևս մեկ անհետ կորածի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Հարկ է նշել, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։