Կովկասյան տարածաշրջանի թեթև քաշային կարգում MMA-ի մարտիկների վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Նաիր Մելիքյանը։ Այս մասին հայտնում է Tapology կայքը։
Կովկասյան տարածաշրջանի 120 ակտիվ պրոֆեսիոնալ ըմբիշներից առաջին տեղ է անցել Ջավախքից Նաիր Մելիքյանը։ Վարկանիշային աղյուսակը կազմված է մարզիկների մենամարտերի և հաղթանակների հիման վրա։
«Ես երկար եմ սպասել, որ Կովկասում առաջին տեղը զբաղեցնեի, վերջապես դա տեղի ունեցավ»,- մեկնաբանում է ըմբիշը։
Նաիր Մելիքյանը հայտնի է իր արագ հաղթանակներով և նոկաուտներով ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։
2019 թվականի մայիսի 4-ին Թբիլիսիում կայացած խառը մենամարտերի Titan Global առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ջավախքից Նաիր Մելիքյանը կարողացավ հաշված վայրկյանների ընթացքում առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
2019 թվականի փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ անցկացված խառը մենամարտերի MIX Fight մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը կարողացավ 20 վայրկյանում առավելության հասնել մրցակցի նկատմամբ և ապահովել բացարձակ հաղթանակ։
2018 թվականի փետրվարին նա չեմպիոնական գոտի է նվաճել Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարել են Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները։
2017 թվականի հուլիսին Նաիր Մելիքյանն իր առաջին չեմպիոնական գոտին է նվաճել Բաթումիում կայացած World martial arts festival (Մարտարվեստի համաշխարհային փառատոնում)։
Նաիր Մելիքյանը քիքբոքսինգի չեմպիոն է ճանաչվել 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանում և տարբեր միջազգային մրցաշարերում։