Սեպտեմբերի 10-ին՝ «Խաս Բախչա» զբոսայգում, Վրաստանի Կարմիր Խաչի Ախալքալաքի մասնաճյուղը «Շարունակական առաջին բուժօգնության ցուցաբերման ուսուցում» կարգախոսով անց է կացրել ուսումնական միջոցառում:
Ամեն տարի սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Առաջին բուժօգնության համաշխարհային օրը։ Այս օրվան ուշադրություն է դարձվում նաև Ախալքալաքում:
Ախալքալաքի «Կարմիր Խաչ»-ի կամավորները հավաքվածներին պատմել են առաջին բուժօգնության տարրական կանոնները։ Նրանք անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են գիտակցության առկայությունը, վերին շնչուղիների անցանելիության վերականգնումը, կյանքի նշանների որոշումը, շտապօգնություն կանչը, սիրտ-թոքային վերակենդանացումն անցկացնելը, տուժածի զննումը և արյունահոսությունը ժամանակավորապես դադարեցնելու համար միջոցառումներ ձեռնարկելը, եթե այդպիսիք կան, ինչպես նաև շատ այլ թեմաների:
Կազմակերպության կամավորները ոչ միայն պատմել, այլեւ մանեկենների վրա ցույց են տվել, թե ինչպես պետք է պատշաճ կերպով իրականացնել առաջին բուժօգնության համար անհրաժեշտ միջոցառումները։ Մասնակիցներից շատերը կարողացել են ինքնուրույն փորձել ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում։
«Քանի որ մեր մասնաճյուղն ընդամենը 2 տարեկան է, և սա համընկավ կորոնավիրուսի ժամանակաշրջանի հետ, մեր հիմնական նպատակն էր Ախալքալաքի բնակիչներին ծանոթացնել «Կարմիր Խաչ»-ի կամավորների հետ, քանի որ այն ամենը, ինչ մենք անում ենք, նրանց համար է։ Դրա համար մենք շրջում ենք փողոցներով։ Այսօրվա միջոցառման նպատակը բնակչության շրջանում առաջին բուժօգնության մասին տեղեկատվություն տարածումն է»,- մեկնաբանել է «Կարմիր Խաչ»-ի Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող Հնազիկ Ավետիսյանը։
Վերջինիս խոսքով, հանդիպման առաջին արդյունքներն արդեն տեսանելի են. որոշ երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ կամավորներին։
Միջոցառման ավարտին կամավորների հարցերին ճիշտ պատասխանած ամենաակտիվ հանդիսատեսները ստացել են հիշարժան մրցանակներ։