Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, Կխբուլախ գետի վրայով, տրանսպորտային միջոցների համար, նոր կամուրջ կկառուցվի։ Աշխատանքների համար հատկացվել է 584 350 լարի, որից 49 218 լարի ներդնում է մունիցիպալիտետը, իսկ 535 132 լարին՝ պետությունը։ Տենդերն արդեն կայացել է, ընթանում է փաստաթղթերի նախապատրաստման փուլը։

Քանի որ Մուրջախեթ գյուղի կամուրջը մշակութային ժառանգության հուշարձան է համարվում, և դրա վերականգնման համար անհրաժեշտ է թույլտվություն, մեծ միջոցներ և շատ ժամանակ, ուստի տեղական ղեկավարությունը մոտակայքում կկառուցի նոր կամուրջ։

Մուրջախեթ գյուղի կամուրջը տեւական ժամանակ է, ինչ անմխիթար վիճակում է: Կամրջի վրա մեծ անցքեր կան, մեքենաները վախով են տեղաշարժվում նրա վրայով։ Գյուղացիներին վաղուց էր անհանգստացնում կամրջի վթարային վիճակը, այս մասին նրանք բազմիցս դիմել էին մունիցիպալիտետի ղեկավարությանը, և, ի վերջո, նրանց խնդրանքները լսվեցին։ Աշխատանքների համար գումարն արդեն հատկացվել է, տենդերը կայացել է։ Այն 584 350 լարիի չափով շահել է «Մշեն+» ՍՊԸ-ն։ Այժմ նախապատրաստվում են փաստաթղթերը։

«Փաստաթղթերն արդեն ներկայացվել են, ընկերությունը, ըստ ունեցած պատմության, նորմալ է, վերջինս այս տիպի աշխատանքներ իրականացրել է: Վաղը կանչել ենք պայմանագրի նախապատրաստման և ստորագրման համար, դա կտևի 4-ից 10 օր»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանը: