Ախալքալաքի որոշ գյուղերում ինչ-ինչ մարդիկ տնետուն են անցնում և մարդկանց զգուշացնում են, որ ընտրությունների օրը եթե գնան կարտոֆիլ քանդելու, ապա տուգանքի կենթարկվեն:
Jnews.ge լրատվականը կոնկրետ երկու՝ Դիլիսկա և Կուլիկամ գյուղերում արձանագրեց, որ որոշ մարդիկ տնետուն են անցնում և գյուղացիներին զգուշացնում, որ եթե հանկարծ հոկտեմբերի 8-ին նրանք կարտոֆիլի բերքահավաքով զբաղվեն և չգնան ընտրության, այդ քայլով նրանք օրենք են խախտում և կենթարկվեն համապատասխան տույժի: Համապատասխան տույժ ասելով այդ մարդիկ, ինչպես իրենք են բացատրել՝ ի նկատի ունեն տուգանք՝ 50-100 լարիի սահմաններում:
Դիլիսկա գյուղի բնակիչը վախեցած է, չնայած մեր հորդորներին, որ իրեն ոչ-ոք չի կարող տուգանել, միևնույն է՝ որոշել է հոկտեմբերի 8-ին տանը մնալ և հանգստանալ:
«Երկու հոգի էին, ձայն տվին, դուրս եկա անծանոթ մարդիկ էին, ասացին որ անպայման գնամ ընտրության և այդ օրը կարտոֆիլ չքանդեմ, թե չէ՝ կտուգանեն: Բայց ով է տուգանելու՞ ու ինչի՞ համար, չասացին: Որոշել եմ այդ օրը մնամ տունը, հանգստանամ: Հանկարծ, որ գան ստուգեն, տեսնեն որ տանն եմ», – ասաց Դիլիսկա գյուղի բնակիչը, նրա խնդրանքով չենք ներկայացնում անուն ազգանունը:
Նույն իրավիճակն է նաև Կուլիկամ գյուղում:
«Չեմ ուզում անունները նշեմ, գյուղի մարդ են: Ասացին, որ 8-ին կարտոֆիլ չհավաքեմ և գնամ ընտրության, թե չէ կտուգանեն, Ես էլ ասացի՝ շատ լավ գիտեմ իմ իրավունքները, կուզեմ՝ կգնամ, կուզեմ չեմ գնա, ձեզ ինչ», – ասաց Կուլիկամ գյուղի բնակիչը:
Ախալքալաքի ընտրատարածքային հանձնաժողովում պարզաբանեցին, որ յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ և ոչ-ոք չի կարող տուգանել մյուսին:
jnews.ge լրատվականը բնակչությանը կոչ է անում չտրվել սադրանքների: Դուք ազատ եք Ձեր ընտրության հարցում և ոչ-ոք իրավունք չունի տուգանել այն բանի համար, որ դուք կարտոֆիլ եք քանդում: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ, անկախ ընտրություն կատարելու: Եթե նույնիսկ քաղաքացին չի գնում ընտրության, դա ևս Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքն է: Եվ ոչ-ոք ստիպված կամ պարտադրված չպետք է մասնակցի կամ չմասնակցի ընտրության:
Կոչ ենք անում բնակչությանն առանց վախենալու կամ վարանելու ազատորեն արտահայտեն իրենց կամքը:
Աղունիկ Այվազյան