Անհատ ձեռներեց Անատոլի Հովհաննիսյանն, Ախալքալաքից, Եվրամիության օգնությամբ Սամցխե-Ջավախքի շրջանում հիմնել է գյուղատնտեսական թելերի միակ արտադրությունը՝ խոտի տուկավորման համար թել։ Ամբողջ Վրաստանում սա երկրորդ նմանատիպ արտադրությունն է։
2020 թվականին, ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում, նա մասնակցել է LAG (Տեղի զարգացման խումբ) մրցույթին և շահել դրամաշնորհ։ Նացագծի գումարը կազմել է 140 000 լարի, որից 75 000-ը՝ Եվրամիության դրամաշնորհն է, մնացածը՝ ձեռնարկատիրոջ ինքնաֆինանսավորումը։
Վրաստանում գյուղատնտեսական թելերի պահանջարկը կար, քանի որ Վրաստանում կար թելերի արտադրության միայն մեկ ձեռնարկություն։ Մինչ արտադրությունը սկսելը Ախալքալաք տկի թելը բերվում էր այլ երկրներից՝ Բելառուսից, Ուկրաինայից։
Հովհաննիսյանի խոսքով, իրենք աշխատում են սեզոնային:
«Մեկ ամիս օր ու գիշեր աշխատում ենք, հետո ամբողջ տարին վաճառում ենք պատրաստի արտադրանքը: Մեր աշխատանքը սեզոնային է: Սկզբում ստանում ենք կիսաֆաբրիկատ, հետո վերամշակում ենք վերջնական արտադրանքը՝ թելը։ Մենք տարածաշրջանում միակն ենք»,- ասում է ձեռներեցը։
Գործարար Անատոլի Հովհաննիսյանը գոհ է: Ձեռնարկությունում աշխատանք է գտել 8 հոգի, սակայն աշխատանքը մշտական չէ։ Վատն այն է, որ, ըստ Հովհաննիսյանի, աշխատողներ շատ դժվար է գտնել:
Նրանք իրենց ապրանքը վաճառում են Ախալքալաքում, Ախալցիխեում, Նինոծմինդայում, Ասպինձայում, Կախեթում, Թբիլիսիում։ 9 կգ-անոց տկի թելի գլանափաթեթը վաճառվում է 75 լարիով։ Հումքը ստանում են Սաուդյան Արաբիայից։
«Հիմա այլ երկրներից էլ են բերում, բայց գները մեզ չեն վախեցնում, մենք մրցունակ ենք, կարող ենք դիմակայել, մենք արդեն մտել ենք այս ապրանքի շուկան, մեր հաճախորդները գնահատել են մեր թելի որակը, մենք լավ որակ ունենք»,- ասում է Անատոլի Հովհաննիսյանը։
Անատոլիի ընտանիքը ոտքի է կանգնեցնել տարբեր բիզնեսներ: Դե իսկ նա՝ երիտասարդ ձեռներեցը, ժամանակին կարողացել է գտնել ճիշտ բիզնես գաղափար և դրա համար ֆինանսավորում ստանալ։ Այսօր դրամաշնորհային միջոցների վրա հիմնված բիզնեսն արդեն զարգանում է ինքն իրեն՝ առանց օգնության։