Այս օրերին Ջավախքի բնակիչներին հուզող միակ ու հիմնական խնդիրը դա կարտոֆիլի իրացումն է։ Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ տոննաներով կարտոֆիլ ունեն, որը չեն կարողանում վաճառել: Մարդիկ արդեն հույս էլ չունեն, որ կվաճառեն։

Արագվա գյուղը գտնվում է Ախալքալաք–Բակուրիանի խճուղու վրա, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս։ Գյուղում կա մոտ 225 տուն։ Բնակիչների ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է, սակայն արտագնա աշխատանքի մեկնողների պակաս նույնպես չկա։ Կորոնավարակի պատճառով շատերը չկարողացան արտագնա աշխատանքի մեկնել, գյուղացիները ստիպված ավելի շատ կարտոֆիլ են ցանել և այսօր գյուղի կենտրոնում հավաքված սպասում են, որ կարտոֆիլի գնորդներ գան, բայց ապարդյուն․․․

aragva hasarakutyun

«Կարտոֆիլի գինն ընկավ, մյուս ամեն ինչի արժեքը բարձրացավ, մտնում ես խանութ ձեթը, մյուս ապրանքները թանկ, մեկ պարկ շաքարը դարձել է 135 լարի, անգամ չիպաչուպսը թանկացավ դարձավ 50 թեթրի, իսկ կարտոֆիլը 25 թեթրի։ Լարին թեփ է դարձել։ Գյուղում համարյա բոլորը տոննաներով կարտոֆիլ ունեն: Մեզ մնում միայն սպասել, տեսնենք, եթե չվաճառենք, ուրեմն կթափենք»,- ասում են Արագվա գյուղի բնակիչները։

Թափելու համար էլ են անհանգստանում, քանի որ չգիտեն այդքան մեծ քանակությամբ կարտոֆիլը ո՞ւր են թափելու։

«Լավ տանեմ թափեմ, բայց ու՞ր, հետո էլ բնապահպաններն են գալու գլխներիս կանգնեն, տուգանեն։ Գումար էլ չունենք, որ տրակտոր վարձենք, մի մեծ փոս փորենք ու թաղենք։ 10 թեթրի էլ աշխատողներն են ուզում, որ օգնեն դուրս թափենք»,- նշում են Արագվա գյուղի բնակիչները։

«Մենք չենք ասում, որ կարտոֆիլը լինի 1 լարի, թող լինի 70 թեթրի, որ ոչ մենք տուժենք, ոչ էլ գնորդը։ Հիմա էլ այնքան կարտոֆիլ կա, որ ստիպված էլի պետք է ցանենք։ Գոնե գան 30 թեթրիով տանեն, էլի համաձայն ենք», – ասում են գյուղացիները։

Ըստ գյուղացիների Թբիլիսի տանելն իմաստ չունի, եթե կարտոֆիլը այնտեղ վաճառեն 30 թեթրիով, ապա 10 թեթրի էլ վարորդին պետք է տան, չհաշված մնացած ծախսերը:

canqs