Այսօր՝ հուլիսի 23-ին, կորոնավիրուսի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նշվեց մեծ ճանաչում ունեցող Աշուղ Ջիվանու տոնը։

Ջիվանու օրը, որը նշվում է ամեն տարվա հուլիսի վերջին, Կարծախ են գալիս կարծախցիները տարբեր երկրներից, հյուրեր Հայաստանից և Վրաստանից, նրա ստեղծագործության սիրահարները։ Կորոնավիրուսի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո, այս տարի վերջապես տոնը կայացավ։

jivani

Ախալքալաք -Նինոծմինդա շրջանից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, համամասնական պատգամավոր Սեյրան Կյուրեղյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, քաղաքապետարանի աշխատակիցները, հյուրեր և Ջավախքի բնակիչները եկել էին հարգելու մեծն Աշուղ Ջիվանու հիշատակը:

jjivan

Տոնին մասնակցելու համար Կարծախ էին եկել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։

jivann

Ջավախքում վաղուց ավանդույթ է դարձել հայ մեծ Աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված տոնը մեծ շուքով նշելը։ Տոնակատարությունը սկսվեց գյուղում տեղադրված Աշուղ Ջիվանու հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։

Այնուհետեւ հյուրերը ուղեւորվեցին մեծն կարծախցու տուն-թանգարան։ Թանգարանում հյուրերին ողջունեց Աշուղ Ջիվանու թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը, ով հյուրերին պատմեց Կարծախ գյուղում Աշուղ Ջիվանու կյանքի և շատ այլ մանրամասների մասին։

Հետո սկսվեց տոնակատարության համերգային մասը:

Հյուրերին ու ներկաներին ողջունեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

«Այսօր մենք նշում ենք Ջիվանու տոնը, որն արդեն ավանդույթ է դարձել մեզ համար։ Ողջունում եմ բոլոր հյուրերին, կազմակերպիչներին, ովքեր ամեն տարի այս օրը տոն են դարձնում։ Իհարկե, վերջին երկու տարիներին այն չկայացավ, մարդիկ կարոտել էին այս տոնը։ Մունիցիպալիտետի ղեկավարության անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Ելույթ ունեցավ նաեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։

jjjivan

«Ողջույն բոլորիդ, այսօր և վաղը Ջավախքում տոն է։ Համավարակի ավարտից հետո մենք առաջին անգամ ենք նշում Ջիվանու տոնը, իսկ վաղը կկայանա Վահան Տերյանին նվիրված միջոցառումը։ ՋԱՀ-ը 8 տարվա ընթացքում մշակույթի ոլորտում իրականացրել է շուրջ 100 ծրագիր։ Շնորհակալություն Ախալքալաքի ղեկավարությանը այս ավանդույթը շարունակելու համար»,- ասաց նա։

Ելույթ ունեցան Ջավախքի տուն-թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը, գրող Գեւորգ Հայասին։

Տոնակատարությանը մասնակցելու համար Մոսկվայից հատուկ եկել էր 28 տարի Մոսկվայում բնակվող Վաչագան Բասենցյանը։

«Ես ամեն տարի գալիս եմ այստեղ: Սա մեր առաքելությունն է, սա օրինակ է ծառայում մեր երեխաներին»,- ասաց Վաչագան Բասենցյանը։

jivani5

Մեծ աշուղի հիշատակին նվիրված օրը նշելու ժամանակ կրկին հնչեցին նրա երգերն ու երաժշտությունը։ Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է Թովմաս Պողոսյանը, Ջիվանու տոնը զարդարեց իր ելույթով։

«Սիրելի հայրենակիցներ, Ջավախքի հզոր ժողովուրդ, ես ողջունում եմ ձեզ»,- ներկաներին դիմեց Թովմաս Պողոսյանը և սկսեց իր կատարումը։

sayat nova

Ջիվանու տոնին ելույթ ունեցան Ախալքալաքի Մշակույթի տան «Ջավախք» պարային համույթը՝ աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները և Աշուղ Ջիվանու անվան Կարծախ գյուղի պարային համույթը։

jivani2