Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության փոքր և մանր ձեռներեցության խթանման դրամաշնորհային ծրագիրը 1338 հաղթող ունի։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Ծրագրի հայտերի ընդունումը սկսվել էր այս տարվա մարտ ամսին։
«Ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլ է անցել 3 700 դիմորդ, որից հաղթել է 1 338-ը։ Ծրագրի նպատակն է զարգացնել փոքր և մանր բիզնեսը, ձևավորել ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթ և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ծրագրի դրամաշնորհի չափն այս տարի սահմանվել է 30 000 լարի, իսկ Եվրամիության ֆինանսավորմամբ՝ Վրաստանի կառավարության պիլոտային ծրագրերի շրջանակներում՝ Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի շրջաններում դրամաշնորհը կազմել է 40 000 լարի։
Ծրագրում հաղթող ձեռներեցների մասնակցության չափը կազմում է դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։ Շահառուի համամասնակցությունը կազմում է դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 25%-ը: Ծրագրում հաղթած շահառուն պարտավոր է դրամաշնորհը բաշխել հետ.յալ կերպ. կապիտալ ծախսեր՝ ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցներ՝ ոչ ավելի, քան 10%»,- հայտնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Փոքր և մանր ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2015-2021 թվականներին ֆինանսավորվել է 6 901 ծրագիր, իսկ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 78 մլն լարի: