«EastFruit»-ի վերլուծաբանները վերանայում են վրացական ֆերմերային տնտեսությունների գների պաշտոնական տվյալները՝ հաշվի առնելով գնաճը: Բոլոր սպառողական ապրանքների և ծառայությունների գների բարձրացումը կամ գնաճը վերջին տարիներին մնում է վրացական տնտեսության հիմնախնդիրը: Ֆերմերները նույնպես սպառողներ են հանդիսանում, և նրանց վրա նույնպես ազդում է երկրում գների ընդհանուր մակարդակը։
2014-2021 թվականներին Վրաստանում սպառողական ապրանքների և ծառայությունների գներն աճել են 40%-ով։ 2021 թվականի միջին գների մակարդակը 24%-ով բարձր է 2014-2020 թվականների միջին մակարդակից։
Միևնույն ժամանակ բարձրացել են նաև գյուղմթերքի՝ մրգերի, ընդեղենի և բանջարեղենի անվանական գները կամ գյուղացուն վճարվող գումարը։
Գների աճ, 2021թ.-ը՝ 2014-2020 թվականների միջին ցուցանիշի համեմատ
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 13 խոշոր ապրանքատեսակներից 11-ը դրական գների աճ են գրանցել անվանական արտահայտությամբ՝ համեմատելով 2021 թվականը 2014-2020 թվականների միջին ցուցանիշի հետ: Թանկացած ապրանքների անվանական գների միջին փոփոխությունը՝ նման համեմատության դեպքում, կազմում է 37%։
Ֆերմերներին վճարում են կանխիկ, և այդ գումարը նշանակություն ունի, բայց շատ դեպքերում ավելի կարևոր է այն, թե որքան մթերք և սպասարկում նրանք կարող են իրենց թույլ տալ այդ գումարով: Սա հենց այն է, ինչով չափվում են իրական գները, որոնք մեր դեպքում կլինի այն ապրանքների թվաքանակը, որոնք գյուղացին կարող է ձեռք բերել սեփական արտադրանքի մեկ կիլոգրամը վաճառելու արդյունքում։
Իրական գները համեմատելիս գրաֆիկից երևում է, որ 13 ապրանքներից 7-ի` խնձորի, խաղողի, սալորի, պնդուկի, ընկույզի, սոխի և կարտոֆիլի գները 2021 թվականին՝ 2014-2020 թվականների միջին իրական գների համեմատ, նվազել են։ Այսպիսով, այս 7 մթերքն արտադրող ֆերմերները կարող էին ավելի քիչ ապրանք գնել վաճառված մեկ կիլոգրամ արտադրանքից ստացած հասույթով։ Իրական գների միջին անկումը կազմում է 15%։