Վրաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվներից գումարները ոչ մի տեղ չեն անհետացել, պարզապես գումարները չեն արտացոլվել ինտերնետ-բանկերում տեխնիկական խնդիրների պատճառով։Այս մասին հայտնել են Վրաստանի Կենսաթոշակային գործակալությունից՝ «Pirveli» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված քաղաքացիները վերջին երկու օրվա ընթացքում չէին կարողանում տեսնել իրենց հաշիվներում կուտակված գումարները։ «Կենսաթոշակային խնայողություններ» սյունակում ինտերնետ-բանկինգի օգտատերերը բացեր են նկատել:

Ահազանգը հնչել է սոցիալական ցանցերում՝ տարբերակներ են հնչել, որ Կենսաթոշակային գործակալությունը ենթարկվել է կիբերհարձակման։

Գործակալությունից պարզաբանել են, որ խնդիրները կապված են համակարգի պատշաճ գործունեության համար իրականացվող պլանային աշխատանքների հետ։ Այսօրվա դրությամբ դրանք ավարտվել են, քաղաքացիների հաշիվներում կուտակված միջոցները կրկին արտացոլված են։

«Սրանք ստանդարտ ընդհանուր թարմացման գործընթացներ են, որոնք պետք է կատարվեն 3-6 ամիսը մեկ, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի: Թարմացման աշխատանքներն արդեն ավարտված են»,- լրագրողներին պարզաբանել են գերատեսչությունից։

Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում գործում է 2019 թվականի հունվարի 1-ից և պարտադիր է։ Կենսաթոշակային ակտիվները տեղաբաշխված են վրացական ինը առևտրային բանկերում։

Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված Վրաստանի քաղաքացիների թիվը, վերջին տվյալներով, կազմում է ավելի քան 1,3 միլիոն մարդ։ Դրանցից շուրջ 2,3 հազարն արդեն ստացել է ավելի քան 5 մլն լարիի վճարումներ։

Կենսաթոշակային ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,5 մլրդ լարի։ Կենսաթոշակային խնայողություններին փոխանցվել է 345 մլն լարիի եկամուտ։