Վրաստանի պաշտպանության նախարարությունը «կատարյալ սուտ» է անվանել ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն ցանկացել է Վրաստանում ռազմաբազա կառուցել և չի ստացել երկրի հավանությունը։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի առաջարկել Վրաստանում ամերիկյան ռազմաբազա ստեղծել։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքման հետ մեկտեղ կոչ է արել հանրությանը «նման կարևոր հարցեր» քննարկելիս հիմնվել ստույգ տեղեկատվության վրա։
«Այս տեղեկատվությունը տարածվում է քաղաքական կողմնակալ անձի կողմից, որը հետագայում օգտագործվում է որոշ լրատվամիջոցների և քաղաքականապես ներգրավված անձանց կողմից ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելու համար», – մեջբերում է Sova.news-ը Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունից այս հատվածը:
Սեպտեմբերի 12-ին «Mtavari Arkhi»-ի ամփոփիչ թողարկման ընթացքում հաղորդվել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մի քանի ամիս առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Վրաստան «աննախադեպ առաջարկով», այն է. «Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել Վրաստանում լիարժեք ռազմաբազա տեղակայել։ 1800 հոգանոց կոնտինգենտ, որն անմիջական պատասխանատվություն է ստանձնելու մեր երկրի անվտանգության համար»։ Սրան իշխանության ղեկին կանգնած կուսակցությունն արձագանքել է՝ հրաժարվելով «պատմական հնարավորությունից» և «մեր կամքը հանձնել է ճակատագրին»։
Հիշեցնենք, որ Լլոյդ Օսթինը Վրաստան և Ուկրաինա է ժամանել 2021 թվականի հոկտեմբերին։ Ուկրաինան ստացել է բժշկական բեռ և զենքի երկրորդ խմբաքանակն ԱՄՆ-ից։
Վրաստանի իշխանությունները չեն հայտնել, թե ինչ օգնություն են խնդրել կամ ինչ է ստանալու Վրաստանը ԱՄՆ-ից ապագայում։ Այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիան ասել էր, որ կառավարության լռության պատճառը կարող է լինել իր հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի «չգրգռելու քաղաքականությունը»։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Լլոյդ Օսթինի «առաջարկի» մասին տեղեկությունները «լուրջ չեն»։