Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակատեռորիստական կենտրոնի աշխատակիցները, Գարդաբանիի և Քարելիի մունիցիպալիտետներում իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու և ահաբեկչական գործունեությանն աջակցելու փաստով, դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։
ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ նշված անձինք միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, կազմակերպության առաջնորդի առջև հավատարմության երդում են տվել (այսպես կոչված՝ «բայաթ») և նրա նկատմամբ անվերապահ հնազանդություն արտահայտել։
«Ձերբակալվածների անձնական և բնակելի տների խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդին հավատարմության երդման՝ «բայաթի» ձեռագիր տեքստը, իսլամական մակագրությամբ կնիք, տարբեր տեսակի փամփուշտներ, ձեռքի նռնակ, պատիճ-դետոնատոր և էլեկտրոնային տեղեկատվության կրիչներ։
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով, ինչը ենթադրում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալը և ահաբեկչական գործունեությանն աջակցելը։ Հանցագործությունը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 10-ից 17 տարի ժամկետով», — ասված է գերատեսչության տեղեկատվության մեջ։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։



