Ախալքալաքի «Ջավախք» անսամբլը օգոստոսի 20-ին Հունաստանում կայացած «Պառալիա 16-րդ պարի միջազգային» փառատոնից վերադառնում է պատվավոր առաջին հորիզոնականով։

«Ջավախք» անսամբլի 31 հոգանոց խումբն իր ելույթներով ուղղակի հիացրել է հանդիսատեսին։ Անսամբլի գեղարվեստական ղեկավարը նույնպես շատ գոհ է, չնայած սկզբնական շրջանում ունեցած դժվարություններին։ Սակայն ինչպես ինքն է ասում՝ ընթացքում այնքան դրական իրադարձություններ են եղել, որ մոռացել են ամեն դժվարություն։

javakhq ansambl

«Շատ հիանալի փառատոն էր։ Ահավոր դժվարություններով ենք եկել, անկեղծ ասած մեքենայի հարց, վիզայի հարց եւ այլն, բայց ինչպես ասում են՝ եկանք, տեսանք և հաղթեցինք։ Երկու տեղ ելույթ ունեցանք և երկու տեղում էլ համերգի թե՛ բացման, թե՜ փակման արարողությունը մեզ էր վստահված», – ասում է աշուղ Ալիք Ջավախքը։

Աշուղը հիացած է եւ շնորհակալ է հայ համայնքից, Սալոնիկիի Ս․ Աստվածածին եկեղեցու Հայր Ստեփանոս Փաշայանից, որ իրենց կողքին են եղել։

ekeghec

«Սալոնիկիի հայ համայնքն էր եկել մեզ ողջունելու, Ս․ Աստվածածին եկեղեցու հովիվն էր եկել, Կատարինայից եկել էին Ավագյանների ընտանիքը։ Բոլորը հիացած էին սյուիտայով, յարխուշտայով, ամեն ինչ հիանալի էր կազմակերպած։ Փառատոնի կազմակերպիչները նույնպես ամեն ինչ արեցին, որ մենք լավ զգանք այստեղ, ինչը նույնպես վկայում էր հայերի և հույների բարեկամության մասին»։

Փառատոնին մասնակցել է 7 երկիր: «Ջավախք» անսամբլի բոլոր մասնակիցները ստացել են սերտիֆիկատներ։ Ինչպես նաև առանձին մրցանակներ։

Աշուղ Ալիք Ջավախքն ասում է՝ տեսնելով իրենց ելույթները արդեն 4 երկրից հրավեր են ստացել՝ Ֆրանսիա, Իտալիա, Չեխիա և Թուրքիա։

Ashugh Alik Javakhq

Վերջինս շնորհակալություն է հայտնում Ախալքալաքի շրջանի ղեկավարությանը, առանձնապես քաղաքապետ Մելքոն Մակարյանին, ով ամեն ամեն ինչով փորձել է օգնել «Ջավախք» անսամբլին։

Փառատոնին մասնակցելու համար 2500 լարի տրամադրել է Ախալքալաքի քաղաքապետարանը, իսկ մյուս գումարը հատկացվել է «Քեզ համար Ջավախք» համերգից, ինչպես նաեւ օգնել են երեխաների ծնողները։