Երեկ՝ օգոստոսի 8-ին, Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում 6-ամյա երեխան հեծանիվով դուրս է եկել մայթ և նրան վրաերթի է ենթարկել ավտոմեքենան։ Ըստ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկների՝ նրա վիճակը բավարար է գնահատվում։
Մեքենայի վարորդը երեխային ինքն է տեղափոխել տուն։ Այնուհետեւ նրան տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում հայտնաբերվել են գլխի վրա հեմատոմաներ, ուղեղի ցնցում և գանգի թեթև վնասվածք։ Սակայն, ըստ բժիշկների, այս փուլում երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Քանի որ նրան նյարդավիրաբույժի խորհրդատվություն են նշանակել, իսկ Ախալքալաքում համապատասխան մասնագետ չկա, երեխային տեղափոխել են Թբիլիսիի կլինիկա։