Առաջիկայում Վրաստանի ութ քաղաքներում օդի որակի մոնիտորինգի լրացուցիչ կայաններ կտեղադրվեն։ Կայանների գնման տենդերը հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի գործակալությունը, գրում է Batumelebi թերթը։
Նոր կայանները կտեղադրվեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Թելավիում, Ախալցիխեում, Քութայիսիում, Զուգդիդիում, Բաթումիում և Մեստիայում։
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ դրանց ձեռքբերման և տեղադրման վրա կծախսվի մոտ 5,6 մլն լարի։
Վրաստանում օդի որակի մոնիտորինգի ցանցի ստեղծումը սկսվել է 2015թ.-ին: Ներկայումս ամբողջ երկրում կա ութ ավտոմատ կայան, այդ թվում՝ մեկ շարժական։
Դրանք չափում են մասնիկների, ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդի, օզոնի, ածխածնի երկօքսիդի, բենզոլի, նիկելի, մկնդեղի և այլ նյութերի պարունակությունն օդում։
Շրջակա միջավայրի գործակալությունն ունի իր պորտալը, որտեղ ինտերակտիվ քարտեզի միջոցով օգտատերերը կարող են իրական ժամանակում տեղեկանալ Վրաստանի տարբեր քաղաքներում օդի որակի մասին։