Այս շաբաթվա սկզբին՝ հունվարի 18-ին, ամանորյա տոներից հետո ուսումնակրթական գործընթացը վերսկսվեց: Ախալքալաք քաղաքում դպրոցները աշխատում են հեռավար, իսկ շրջանի գյուղերում՝ դպրոցներում, բացառությամբ Վաչիան գյուղի դպրոցի: Դպրոցները ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին, ստուգվել են Առողջապահության նախարարության հանձնարարականներին համապատասխանելու առումով:
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 65 դպրոց, որից 60-ը` գյուղերում, 5-ը` քաղաքում: Հունվարի 18-ից բոլոր գյուղական դպրոցները, բացառությամբ մեկի (Վաչիան գյուղի), դասապրոցեսը սկսել են դպրոցներում:
Մունիցիպալիտետում գործում է ուսուցման ճկուն ձևաչափ, այն դպրոցներում, որտեղ կորոնավիրուսի տարածման վտանգ կհայտնվի, ժամանակավորապես կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի:
Ախալքալաքի ռեսուրս֊կենտրոնից տեղեկացրեցին, որ յուրաքանչյուր դպրոցում կա համապատասխան անձ, ով, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, վերահսկում է Առողջապահության նախարարության հանձնարարականների կատարումը:
Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, անցյալ տարի, նոր ուսումնական տարվա սկզբին, բոլոր դպրոցները ստուգվել են հանձնարարականներին համապատասխանելու առումով:
«Ուսումնական տարվա մեկնարկից առաջ բոլոր գյուղական դպրոցները ստուգվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել էր Կրթության նախարարության ենթակայությամբ: Բոլոր դպրոցներն անցել են մոնիտորինգը, խնդիրներ էին առաջացել Սուլդայի դպրոցում, որտեղ ջուր չկար, սակայն դա ընդհանուր գյուղի խնդիրն էր, և շուտով նրանք գտան լուծումը: Դպրոցներն այս փուլում չեն ստուգվում, եթե լինեն նոր հանձնարարականներ, հավանաբար, դրանք նորից կստուգվեն », – ասաց Թերեզա Չիվչյանը:
Ըստ Թերեզա Չիվչյանի, Ռեսուրս կենտրոնը դպրոցներում մաքրության առումով իրականացնում է մոնիտորինգ, որը համավարակից առաջ էլ էր տարվում:
Սուլդա գյուղի դպրոցի տնօրեն Էդիկ Թորոյանն ասում է, որ դպրոցում մինչ ուսումնական տարվա սկիզբը իրենք իսկապես ջուր չեն ունեցել, բայց այդ հարցն արդեն լուծված է:
«Մենք հետևում ենք բոլոր հանձնարարականներին, աշխատում ենք երկու հերթափոխով, ունենք բոլոր ախտահանիչ միջոցները: Այս տարի մենք նոր սանհանգույց ենք կառուցել, ես գնել եմ 2 տոննա տարողությամբ ցիստեռններ և պոմպ: Երբ երեք օրը մեկ ջուրը տալիս են, մենք հավաքեւմ ենք և այն մեզ հերիքում է 3 օրվա ընթացքում », – ասաց Սուլդա գյուղի հանրային դպրոցի տնօրեն Էդիկ Թորոյանը:
Դպրոցում սովորում է 110 աշակերտ:
Հիմնական հանձնարարականները, որոնց դպրոցները պետք է հետևեն, դա պարտադիր դիմակ կրելն է՝ ուսուցիչների և այլ աշխատակիցների կողմից, աշակերտների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր, պետք է լինեն հակասեպտիկներ, ախտահանիչ միջոցներ և մակերեսները պետք է անընդհատ ախտահանվեն: