Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ախալքալաքում շատ քչերը չգիտեն, թե ինչ ընտրություններ են սպասվում հոկտեմբերի 8-ին, սակայն մեծամասնությունը ոչ այնքան հստակ, բայց պատկերացնում է թե ինչ պատասխանատվություն և պարտականություն ունի Խորհրդարանի պատգամավորը:
Ընտրությունների նախօրեին jnews.ge-ն փոքրիկ հարցում անցկացրեց, այն մասին, թե արդյոք գիտեն շրջանի բնակիչները պատգամավորի պարտականության մասին, գիտեն արդյոք, թե ինչով պետք է զբաղվեն այն մարդիկ, ում ընտրելու է բնակչությունը հոկտեմբերի 8-ին, 4 տարի ժամկետով:
Հարցմանը մասնակցել է 70 մարդ, 20-ը՝ Ախալքալաք քաղաքից, իսկ 50-ը՝ Գոման և Բալխո գյուղերից:
Գյուղում կարծում են, որ պատգամավորը պետք է հոգ տանի գյուղացիների մասին, լուծի նրանց խնդիրները: Մարդիկ վստահ են, որ պատգամավորները պետք է լուծեն գյուղերում առկա բոլոր խնդիրները, այլապես «ինչու ընտրել նրանց»:
Հովհաննես Հակոբյանը այսպես է պատկերացնում խորհրդարանական պատասխանատվությունը:
«Լինել ժողովրդի ծառան, վերանորոգել ճանապարհները, լուծել ժողովրդի հոգսերը և խնդիրները, հոգ տանել նրանց մասին», – ասում է Հովհաննես Հակոբյանը:
Արշալույս Սիմոնյանը ասում է, որ էլեկտրաէներգիայի, ջրի և գյուղի բոլոր հոգսերը, դա պատգամավորների պարտականությունն է:
Աշոտ Բանդիկյանը այլ պատկերացում ունի:
«Ներկայացնել ժողովրդի շահերը կառավարությանը, ժողովրդի խնդիրներն ու հոգսերը ներկայացնել խորհրդարանում: Մենք շատ պատգամավորներ ենք ունեցել, բայց կարող եմ ասել, որ գրեթե ոչ ոք չի կատարել իր խոստումները», – ասում է Աշոտ Բանդիկյանը:
Գևորգ Չրաղյանը Գոման գյուղից համաձայն է իր համագյուղացիների հետ, ինչպես նաև, նա ցանկանում է, որ պատգամավորը հարց բարձրացնի խորհրդարանում այն մասին, որ հայկական դպրոցներում լինի հայոց լեզվի և գրականության քննություն:
Բայց Լյովա Հակոբյանը հուզված պատասխանում է, որ նրանց պարտականությունները ավարտվում են այնտեղ, երբ ընտրվում են:
« Ընտրվելուց հետո էլ են նրանց ոչ ոք չի տեսնում: Ավելի լավ կլիներ չտանջեին մարդկանց, իրենք իրենց ընտրվեին », – ասում է Լյովա Հակոբյանը:
Պետք է նշել, որ քաղաքում հարցվողները շատ դժվար էին շփվում և մեծամասնությունը չէր ցանկանում պատասխանել հարցերին: Շատերը, լսելով հարցը, ասում էին, որ իրենք այլ պետության քաղաքացիներ են:
Ռուբո Մանուկյանը Ախալքալաքից գտնում է, որ պատգամավորը պետք է օգնի աղքատներին:
Մախարե Մացուկատովը տեղեկացված է պատգամավորի իրական պատասխանատվության մասին.
«Պատգամավորները պետք է ընդունեն օրենքներ, աշխատեն օրենքների, խնդիրների վրա: Ուսումնասիրեն, ձևակերպեն օրինագծեր, ապա աշխատանք տանեն, որպեսզի այդ օրենքը ընդունվի որպես հիմնական օրենք», – ասում է Մախարե Մացուկատովը:
Սակայն, մեր իրականության մեջ ոչ թե մեղավոր է բնակչությունը, որը չի տարբերում օրենսդիր մարմինը և տեղական իշխանությունը, այլ համակարգը, որը այնպես է արել, որ չնայած տարածաշրջաններում ինքնակառավարության առկայությանը, միևնույնն է տեղական բնույթի խնդիրները լուծվում են, կամ կենտրոնի, կամ էլ պատգամավորների միջոցով:
Շուշան Շիրինյան