Սկսվել են Ախալքալաքի ուղղափառ համալիրի ցանկապատման աշխատանքները, որտեղ գտնվում են Միքայել Մթավարանգելոզի եկեղեցին և Փերիսցվալեբայի կանանց մենաստանը՝ Դարբինյան և Ազատության փողոցների խաչմերուկում։
Ախալքալաքի քաղաքապետարանը հունիսի 10-ին տենդեր էր հայտարարել վանական համալիրի նոր ցանկապատի կառուցման համար։ Էլեկտրոնային մրցույթի նախնական գումարը կազմել է 126 023 լարի։ Տենդերի համաձայն՝ իրականացվելու են ցանկապատերի, ճաղերի, պաշտպանիչ կառույցների շինմոնտաժային աշխատանքներ։ Տենդերը շահել է անհատ ձեռներեց Վարդ Մկոյանը՝ 104 580 լարիի չափով։ Պայմանագիրը կնքվել է 01.07.2022թ.-ից 31.12.2022թ. գործողության ժամկետով։
Նախագծի համաձայն՝ գոյություն ունեցող պարիսպն ամբողջությամբ պետք է քանդվի, իսկ փոխարենը կկառուցվի բետոնե բլոկներից պատրաստված մետաղական գեղարվեստական մոտեցմամբ ցանկապատ, որը երեսպատված կլինի տրավերտինով։ Կտեղադրվի նաև մետաղական դարպաս։ Վանքի հին պարիսպը մնացել է այն ժամանակներից, երբ վանքի շենքում էր գտնվում մանկապարտեզը։ Շենքը վերածվել է մենաստանի՝ անցյալ դարի 90-ականներից։
Ախալքալաքի ՎՈւԵ-ի հոգևոր սպասավոր Տեր Ալեքսանդրի խոսքով, աշխատանքները սկսվել են ու մինչ այժմ նորմալ ընթանում են:
«Մենք խնդրեցինք, որից հետո, իհարկե, մասնակցեցինք պլանավորմանը: Ամեն ինչ նորմալ է ընթանում, ինչքան գիտեմ՝ աշխատանքները շարունակվում են»,- ասում է հայր Ալեքսանդրը։