2019-2020 թվականներին վերականգնված Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին առաջացել են փոսեր, որոնք շինարարական կազմակերպությունը պետք է վերանորոգեր երաշխիքային ժամկետում։ Ընկերությունից Jnews-ին բազմիցս խոստացել են, որ երաշխիքային ժամկետում կլուծեն խնդիրները, սակայն, իրենց իսկ տեղեկություններով, ժամկետը լրանում է 4 օրից, իսկ աշխատանքներ այդ ուղղությամբ դեռևս չեն տարվում:

Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 16 կիլոմետրանոց հատվածը, որի վրա գտնվում է Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցը, վերանորոգվել է 2019-2020 թթ.-ին: Վերականգնման ավարտից որոշ ժամանակ անց Աղմաշենեբելի փողոցում հայտնվել են փոսեր, որոնք շատ ուժեղ խոչընդոտում են երթեւեկությանը։ Քանի որ այս աշխատանքների երաշխիքային ժամկետը դեռ չի լրացել, ընկերությունը պարտավոր է խնդիրը լուծել առանց լրացուցիչ ֆինանսավորման։

Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 70 կմ-ից մինչև 86 կմ հատվածի վերականգնման տենդերը շահել է «Ճանապարհաշինական վարչություն №1»-ը՝ 14 749 992,92 լարիի չափով։ Ճանապարհի վերակառուցումն իրականացրել է ենթակապալառու «Ջավախ Ավտո Գզա»-ն։

«Ճանապարհաշինական վարչություն №1» ընկերության տնօրենը Jnews-ին տված հարցազրույցում ասաց, որ եթե խնդիրներ լինեն, դրանք կվերացվեն համապատասխան ժամկետներում, բայց կոնկրետ երբ չի կարող ասել և խորհուրդ տվեց դա պարզելու համար դիմել «Ջավախ Ավտո Գզա» ընկերության ղեկավար Նոդար Ինասարիձեին: Սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, նա անջատում է հեռախոսը։

Հարցը, թե արդյոք խնդիրը երաշխիքային ժամկետում կլուծվի, թե այն արդեն կներառվի առանձին փոսային վերանորոգման աշխատանքներում, դեռ մնում է անպատասխան: