Ավելի քան մեկ ամիս է ինչ Վրաստանում, ըստ նոր տեխնիկական կանոնակարգի, վաճառվող միսը պիտի ունենա պիտակավորում: Ջավախքում, այն վաճառվում է առանց պիտակավորման: Ինչու՞ այստեղ չի գործում ապրանքային անվտանգության կանոնակարգերը, ի՞նչ դժվարությունների առջև են կանգնել մսավաճառները և ի՞նչ են մտածում այդ մասին գնորդները:
Ինչի՞ համար է հարկավոր նոր կանոնակարգը:
Պարտադիր պիտակավորման տեխնիկական կանոնակարգը համարվում է ընդհանուր անվտանգության և մսամթերքի ազատ շրջանառության քայլերից մեկը: Համաձայն նոր կանոնակարգի, բացի №2 ձևից (անասնաբուժական վկայական) և անասնաբույժի կնիքից, միսը և մսամթերքը մինչ վաճառքի հանելը պետք է ունենա համապատասխան պիտակավորում: Կառավարության որոշումը նոր կանոնակարգի մասին (№118) ընդունվել է 2016թ.-ի մարտի 9-ին ու ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարին:
Պիտակավորում նշանակում է, որ մսի յուրաքանչյուր կտոր և մսամթերքի յուրաքանչյուր փաթեթ վաճառքում պետք է ունենան հետևյալ տեղեկությունները` սպանդանոցի ճանաչման համարը, որտեղ մորթել են կենդանուն, ականջների վրա փակցված լինի հատկորոշիչ համարը, սեփականատիրոջ անձնական համարը, պետությունը, մորթի ամսաթիվը և պահպանության ժամկետը:
Ըստ Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովի, այս փոփոխությունը մտնում է սննդամթերքի անվտանգության ընդհանուր զարգացման պրոցեսի մեջ, որին Վրաստանը ձգտում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում:
«Վրաստանում աստիճանաբար ուժի մեջ է մտնում սննդամթերքի անվտանգության տարբեր կանոնակարգեր, անցյալ տարի ուժի մեջ է մտել կաթնամթերքի կանոնակարգերը, հիմա, հունվարի 1-ից մտցվել է մսի և մսամթերքի կանոնակարգերը», – ասում է Մախարե Մացուկատովը:
Գիտեն արդյո՞ք նոր կանոնակարգերի մասին, այստեղ …
jnews.ge-ն այցելեց քաղաքի կենտրոնի մսեղենի 7 խանութներ, որոնցից մեկը փակ էր, իսկ մնացած վեցի վաճառողները չգիտեին վաճառվող մսի պարտադիր պիտակավորման մասին:
«Ես չեմ լսել նման օրենքի մասին: Մենք օրինական ենք աշխատում: Մենք ունենք հսկիչ դրամարկղ, հարկերը վճարում ենք: Իսկ որտեղից գտնել անասնաբույժ, որ ստուգենք: Միսը չի ստուգվում: Մենք փնտրում ենք, նայում, եթե անասունները առողջ են, գնում ենք: Ես հիմար չեմ, որ հիվանդ կենդանիների միս բերեմ և վաճառեմ», – ասում է №1 վաճառողը (բոլոր վաճառողները համաձայնեցին պատասխանել մեր հարցերին միայն այն պայմանով, որ իրենց անունները չպետք է հրապարակվի):
Մեկ այլ մսի վաճառման կետի վաճառողը նույնպես չգիտեր նոր կանոնակարգի մասին:
«Բժիշկները սովորել են, իսկ մենք գործնականում, փորձից ելնելով դարձանք բժիշկներ: Ես 30 տարի է զբաղվում եմ այս գործով, ու արդեն տարբերում եմ կենդանին հիվանդ է, թե ոչ», – ասում է երկրորդ վաճառողը:
Նոր կանոնակարգերի, օրենքների և կանոնների ներդրման հետ միասին, հանուն բնակչության զարգացման և օգուտի, անհրաժեշտ է նաև նորի համար հիմքեր պատրաստել և տեղեկացնել այդ մասին հիմնական օղակներին:
Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրենը կարծում է, որ պետությունը պետք է հոգ տանի ֆերմերների և մսամթերք վաճառողների էֆեկտիվ իրազեկման մասին:
«Գնալ և տեղերում գտնել այն ոչ պետական կազմակերպություններին կամ լրատվամիջոցներին, որոնք կարող են արդյունավետ տարածել այդ տեղեկատվությունը: Այդ մասին պարտավոր է տեղեկացնել պետությունը, ոչ պետական կազմակերպությունները, նախարարության ներկայացուցիչները, անասնաբուժական ծառայությունները… Մի կողմից պետությունը անարդյունավետ է աշխատում այս ուղղությամբ, մյուս կողմից, մեր ֆերմերները պետք է նաև հասկանան, որ ամեն ինչ գնում է դեպի ստանդարտացում ու ամեն ինչ փոխվում է: Ով հետաքրքրված է, նա կգտնի տեղեկություն: Ցավոք, մեր արտադրողները եթե ինչ-որ բան լսում են, հետաքրքրություն չեն ցուցաբերում, քանի որ նրանք չեն ուզում փոխվել», – ասում է Մախարե Մացուկատովը:
Սննդամթերքի ազգային անվտանգության գործակալության պարենի վարչության նախագահ Դեմնա Խելաիան ասում է, որ նոր կանոնակարգերի մասին տեղեկատվական պաստառները, այդ թվում ռուսերեն լեզվով, պատրաստ կլինեն փետրվարի վերջին:
«Մենք բոլոր տարածաշրջաններին իրազեկում ենք: Մեր ներկայացուցիչները կժամանեն Ախալցիխե և կանցկացնեն տեղեկատվական հանդիպումներ: Մենք չենք կարող ամեն քաղաք ու գյուղ գնալ: Մենք գնում ենք միայն տարածաշրջանային կենտրոններ », – ասաց Դեմնա Խելաիան:
Հիմնական խնդիրն, այն է թե ինչու՞ է դժվար կանոնակարգերի պահպանումը
Մսի պիտակավորումը արվում է սպանդանոցներում: Ախալքալաքում այսօրվա դրությամբ սպանդանոց չկա: Մսավաճառները իրենք են գնում գյուղեր, գտնում անասուններ, մորթում և վաճառում, առանց անասնաբուժական զննման և առանց պիտակավորման:
Դեմնա Խելաիան ասում է, որ չի կարելի վաճառել միսը, ինչպես, որ դա արվում է Ախալքալաքում:
«Բոլորին շահութաբեր է, նրանց՝ ոչ: Նրանք խախտում են օրենքը: Ցանկացած կենդանի, որը նախատեսված է իրացման համար, պետք է մորթվի սպանդանոցում: Սպանդանոցը պարտադիր պիտի աշխատի: Մեզ մոտ Վրաստանում չկա տարածաշրջան որտեղ չկան սպանդանոցներ: Նրանք բոլորը մասնավոր են: Գուցե բոլոր մսագործները միավորվեն և բացեն պրիմիտիվ փոքրիկ սպանդանոց», – ասաց Դեմնա Խելաիան:
Այն հարցին, թե ինչ անեն Ախալքալաքի և Նինոծմինդայի վաճառողները, քանի որ այստեղ չկա սպանդանոց, Դեմնա Խելաիան առաջարկեց օգտագործել Ախալցիխեի սպանդանոցները:
Սակայն, այս տարբերակը վաճառողներին ձեռնտու չէ, նրանց խոսքերով, իրենք պետք է խանութը օրերով փակեն որպեսզի անասուններին տողափոխեն Ախալցիխեի սպանդանոց:
Ինչ վերաբերում է տեղի սպանդանոցին, ապա 2013 թ.-ին Ախալքալաքում բացվեց մասնավոր սպանդանոց: Սեփականատերն էր ՍՊԸ «Ջավախեթի 2010»-ը, սակայն 2015 թ.-ին այն դադարեց գործել: Ըստ նախկին սպանդանոցի տնօրեն` Սաշիկ Ալեքսանյանի, 2 տարվա ընթացքում սպանդանոցը իրականում գործել է ընդամենը 2 ամիս:
«Մսավաճառները միսը մեզանից չէին գնում: Մեզ բոլորն էլ գյուղերում ուրախությամբ առաջարկում էին անասուններ, և մենք բերում էինք առողջ, նորմալ կենդանիներ: Պարզապես վաճառողները չեն ցանկանում մտնել հարկային դաշտ: Քանի որ, երբ միսը մեզանից գնում են, նրանք մտնում են հարկային դաշտ: Նրանք միշտ չէ, որ ցույց են տալիս վաճառված մսի ճիշտ քանակը», – ասում է սպանդանոցի տնօրեն Սաշիկ Ալեքսանյանը:
Վաճառողներն էլ այլ կերպ են բացատրում սպանդանոցի ծառայությունների նկատմամբ իրենց հետաքրքրության բացակայությունը:
«Ոչ ոք սպանդանոցի աշխատակիցներին նորմալ միս չի վաճառում, նրանք գնում են 7 լարիի և վաճառում մեզ 11 լարիով: Նրանց ունեցած միսը անորակ էր, ես երբեք նրանցից չեմ գնել», – ասում է երրորդ մսավաճառը:
Մեկ այլ մսավաճառ սպանդանոցի ծառայությունը անիմաստ է համարում, միս սպանդանոցից չի գնում ու ամեն ինչ անձամբ է պատրաստում:
«Ես գնում էի մի գյուղից մյուսը, գտնում միսը, տեղափոխում, ինքս մորթում սպանդանոցում և նրանց վճարում էի 50 լարի: Նրա համար որ իրենց տարածքում էի մորթում և 100 լարի էլ վճարում էի վարորդին փոխադրման համար: Ինչի համար ես իրենց վճարեմ», – ասում է մեկ այլ վաճառող:
Վաճառողներից մյուսը նույն բողոքների հետ մեկտեղ, որոնք ասել էին բոլոր վաճառողները, նշեց նաև մեկ այլ խանգարող հանգամանքի մասին:
«Սպանդանոցը չորսից հետո փակ է, իսկ ես կարող եմ անասուններ բերել երեկոյան: Նրանց պայմանները ձեռնտու չէին մեզ համար», – պատմում է վաճառողը:
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ Ախալքալաքի սպանդանոցը չպետք է կենտրոնանա միայն տեղական շուկայի վրա, այլ նաև մասնակցի տարբեր ծրագրերի:
«Ցավոք ես չգիտեմ, թե ինչու ընդհատեց գործունեությունը Ախալքալաքի սպանդանոցը, բայց Ասպինձայում օրինակ շատ լավ աշխատում է: Օրինակ, Ասպինձայի սպանդանոցի սեփականատերերը բազմաթիվ դոնոր կազմակերպությունների հետ են համագործակցում ու արդեն շատ նվիրատվություններ են ստացել՝ սարքավորումներ, դրամաշնորհներ, մասնակցում են բազմաթիվ թրեյնինգ-վարժանքների: Իսկ մերոնք ուզում են, որ նրանց համար ինչ-որ մեկը անի, չեն ցանկանում զարգանալ: Շահույթի համար հարկավոր է ծախսել շատ ժամանակ և ջանք, իսկ մերոնք ցանկանում են միանգամից շահույթ ստանան: Ասպինձացիները 6-7 տարի աշխատում էին առանց շահույթի, բայց հիմա նրանք համարվում են առավել հաջողակ սպանդանոցներից մեկը» – ասում է Մախարե Մացուկատովը:
Անասնապահական գյուղերում սպասում են դրսի վաճառողներին
Սուլդա գյուղի ֆերմեր Կառլեն Պետրոսյանն ասում է, որ ավելի շահավետ է միսը ադրբեջանցիներին վաճառել, քան հանձնել սպանդանոց:
Մամիկոն Մարուքյանը ներկա պահին ունի 17 կով, նրա խոսքերով, երկու տարի առաջ ուներ 40 կով:
«Թուրքերը գնում են անասունները վճարելով 5 լարի անասունի մեկ կգ կենդանի քաշի համար, անասունների քաշը կշռում ենք աչքի չափով: Իսկ սպանդանոցում մեզանից գնում էին 4 լարիով: Բացի այդ կշռում և գնում էին, եթե անասունի քաշը լինում էր 300 կգ, իսկ մենք ունենում ենք կովեր` 250-260կգ քաշով: Տեղի վաճառողները գնում են միսը 9 լարիով (խմբ. Մսի համար)», – ասում է Մամիկոն Մարուքյանը:
Սոսո Առաքելյանը նույնպես նախընտրում է միսը վաճառել տեղի ադրբեջանցիներին:
«Մեզանից գնում են մառնեուլցիները, գարդաբանցիները, ադրբեջանցիները: 300 կգ. տավարի մսի համար տալիս են 1000-1200 լարի: Քանի տարի է նրանք ամենից շահավետ հաճախորդներն են մեզ համար: Իսկ սպանդանոցում մորթի համար փող են ուզում, բացի այդ կաշին և բոլոր փորոտիքն իրենց են պահում: Մեզ մնում է 8 լարի: Իսկ դա ձեռնտու չէ», – ասում է Սոսո Առաքելյանը:
Ի՞նչ են մտածում նրանք, ում պաշտպանում է կանոնակարգը
Հակոբ Ասլանյանը չի կարող հստակ ասել, նա կողմ է, թե դեմ նոր կանոնակարգերին, քանի որ տեսնում է և դրական, և բացասական պահեր:
«Որպես գնորդ, գների բարձրացման համար կբողոքեմ մի ամիս, բայց հետո նորից միևնույն է կգնեմ, հարմարվում ենք: Պիտակավորումը մի կողմից ճիշտ է ու անհրաժեշտ, բայց մյուս կողմից, երբ գյուղացիները հանձնում են իրենց անասունները սպանդանոց, դա լրացուցիչ ծախս է: Ցանկացած մարդ ուզում է թեկուզ 1 լարի քիչ ծախսել: Մինչև հիմա ինձ համար նշանակություն չուներ միսը պիտակավորում ունի թե ոչ, ես դրան չէի նայում: Մենք գնում ենք, բերում տուն, եփում ու ուտում», – ասում է Հակոբ Ասլանյանը:
Սպառողները Ախալքալաքում միշտ հույսը դնում են վաճառողի խղճին, իսկ վաճառողները քանի որ համայնքը փոքր է, փորձում են չկորցնել վստահությունը նույնիսկ մեկ հաճախորդի մոտ: Բացի այդ սովորական սպառողների հետ զրույցում պարզվեց, որ նրանք չեն ցանկանում որևէ փոփոխություն, որը կհանգեցնի գների աճի:
Սուսաննա Մուրադյանը միշտ գնում է ծանոթներից.
«Մինչ հիմա ոչ մի միջադեպ չի եղել: Շատ երկար եմ եփում միսը, մինչ միսը բաժանվում է ոսկորից: Երեխաներ ունեմ, այդ պատճառով ես միշտ զգույշ եմ այդ հարցում», – ասում է Սուսաննա Մուրադյանը:
Օֆելիա Մինասյանը նույնպես գնում է ծանոթերից և չի նայում կա դրոշմ, թե ոչ:
Ինչպիսի՞ն է պատասխանատվությունը կանոնակարգի խախտման դեպքում
Նոր տեխնիկական կանոնակարգը արդեն ուժի մեջ է և համապատասխան մարմինները պետք է հետևեն այն բանին, որ ամբողջ պետությունում այն պահպանվի: Ըստ մթերքի ազգային անվտանգության գործակալության դեպարտամենտի նախագահ Դեմնա Խելաիայի, գործընթացը վերահսկելու են տարածաշրջանային կենտրոնների իրենց աշխատողները:
«Ախալցխայում կա անասնաբուժական ծառայություն: Հենց լինի հնարավորություն, նրանք կգան ստուգելու», – ասում է նա:
Ըստ նրա, առանց անասնաբուժական վերահսկողության մսի իրացման տուգանքը առաջին անգամ կազմում է 1000 լարի: Մսի և մսամթերքի պլանային ստուգումները, հսկող մարմինների կողմից, պետք է իրականացվի տարվա մեջ 6 անգամ:
Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես կլուծվի այս հարցը, և ինչպես կաշխատի այս կանոնակարգը: Կլուծվեն խնդիրները հիմքից, թե կձգտեն կանոնակարգերի պահպանմանը տույժերի օգնությամբ, մեծ նշանակություն ունի, ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար:
Շուշան Շիրինյան