Այսօր, հունվարի 4-ին, Ամանորի գիշերը Նինոծմինդայի Սաթխա գյուղում տեղի ունեցած սպանության գործով Ախալցխայի շրջանային դատարանը մեղադրյալ Օ.Պ.-ին որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և մինչ հիմա օգտագործում է լռության իր իրավունքից:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշումը կայացրել է Ախալցխայի շրջանային դատարանը:
Պաշտպանող կողմը մեղադրյալի համար պահանջել 15,000 լարի գրավի դիմաց ազատ արձակել, իսկ դատախազը կալանքի տակ պահելու միջնորդություն է ներկայացրել:
Դատական նիստին դատախազ Մամուկա Քոմոշվիլին ասել է, որ գործով ապացույցները դեռ ձեռք են բերվում, և վտանգ կա, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կթաքցնի ապացույցները կամ կխանգարի գործին։ Նա նաև խոսել է կրկնակի հանցագործություն կատարելու վտանգի մասին:
Ամբաստանյալի պաշտպան Լիա Բիթաձեն մատնանշել է դատախազության կողմից անմեղության կանխավարկածի խախտումը և ասել, որ գործով կան միայն վկաների ցուցմունքներ, ինչը մեղադրյալին անազատության մեջ պահելու համար բավարար հիմք չէ:
Նա նաև նշել է, որ Օ.Պ.-ն նախկինում որևէ հանցանք չի գործել, և որ նրան չեն կարող կալանքի տակ պահել՝ վախենալով, որ կարող է թաքնվել կամ կրկնակի հանցագործություն կատարել:
Ի պատասխան փաստաբանի փաստարկների մեղադրող կողմը պատասխանել է, որ մեղադրյալը ձերբակալվել է Բորժոմիում` տաքսիի մեջ` մատնանշելով, որ նա պատրաստվում էր թաքնվել:
Ի վերջո դատավոր Մարիկա Չիտաշվիլին ամբողջությամբ բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը:
Հիշեցնենք, որ Սաթխայում հունվարի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է 32-ամյա Ս. Ա.-ն, ևս երկուսը` վիրավորվել:
Ամանորի գիշերը տեղի ունեցած ողբերգությունը կապ ունի տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մահացել է մեղադրյալի եղբայրը: Դրանից հետո երկու ընտանիքների միջև թշնամություն է սկսվել:
Ըստ գյուղացիների, երիտասարդները դեռ կռվել են, իսկ հետո նրանցից մեկը՝ Հ.Փ.-ն գնդակահարել է նույն գյուղի բնակիչ՝ 1988 թվականին ծնված Ս.Ա.-ին: Վիրավորին համագյուղացիները հասցրել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից