Գերմանական Eurowings ցածրարժեք ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսել Շտուտգարտից դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Վրաստանի օդանավակայանների միավորումը։
Էժանագին ավիաընկերությունն այս ուղղությամբ չվերթները կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Շտուտգարտից առաջին թռիչքը կատարվել է հուլիսի 20-ի գիշերը։ Eurowings-ի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայան է հասցրել 155 ուղեւորի։
Վրաստանի օդանավակայանների միավորման ղեկավար Թամար Արչուաձեն նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում իրենք շարունակաբար բանակցում են Eurowings ավիաընկերության հետ՝ ուղղությունների ավելացման ուղղությամբ։
«Մենք ուրախ ենք, որ Eurowings-ն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը վրացական ավիացիոն շուկայում»,- ասել է Արչուաձեն։
Ներկայումս Վրաստանի մայրաքաղաքից Գերմանիա կանոնավոր չվերթներ են իրականացնում երեք ավիաընկերություններ՝ Eurowings-ը, Lufthansa-ն և Condor-ը: Խոսքը չորս տարածքների մասին է՝ Մյունխեն, Բեռլին, Դյուսելդորֆ և Շտուտգարտ։
Eurowings-ը Դյուսելդորֆում հիմնված ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին։ Ավիափոխադրողը Lufthansa Group ավիացիոն հոլդինգի դուստր ընկերությունն է։
Eurowings-ը սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Վրաստան 2021 թվականի հուլիսի 4-ից։ Մինչ այժմ ավիաընկերությունը չվերթներ էր իրականացնում միայն Դյուսելդորֆ-Թբիլիսի-Դյուսելդորֆ երթուղով։