Կայացել է Գումբուրդո (Կումուրդո) գյուղի դեպի հանրային դպրոց տանող գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման էլեկտրոնային մրցույթը, այժմ ընթանում է գնահատման գործընթացը:
Էլեկտրոնային մրցույթի սկզբնական գումարը կազմել է 25 000 լարի, ՍՊԸ «Արո»-ն այն հաղթել է 24 074 լարիով։
Բանն այն է, որ գյուղն ունի դպրոց տանող երկու ճանապարհ, մի ճանապարհն արդեն իսկ ասֆալտապատ է, այն գյուղի գլխավոր ճանապարհի շարունակությունն է, մյուսը՝ գյուղի գերեզմանատան մոտակայքից է սկսվում, հետիոտնային նեղ ճանապարհ է որտեղից դպրոց են հաճախում գյուղի դպրոցականների մեծ մասը, սակայն այն հիմնականում դժվարանցանելի է ու ցեխապատ:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ այս խնդրի մասին գյուղացիները բարձրաձայնել են դեռ քարոզարշավների ժամանակ:
«Գյուղը մեծ է, երեխաները երկու ճանապարհով էլ հաճախում են դպրոց, մի ճանապարհն ասֆալտապատ է, իսկ մյուսը՝ ոչ, որն էլ ամենահարմարն ու կարճն է: Քարոզարշավների ժամանակ բնակիչների խնդրանքն էր, որ երեխաների դպրոց գալն այդ ճանապարհով հեշտացվի: Անձրևների, ձնհալի ժամանակ, գարնան ընթացքում այդ հատվածն անանցանելի է դառնում երեխաների համար, իսկ այդ ճանապարհը շրջանցելը բավականին կերկարացնի երեխաների ճանապարհը»:
Էլեկտրոնային մրցույթի գնահատման փուլն ավարտվելուն պես կսկսվեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։