Վրաստանում հատապտուղ արտադրողներն արդեն հավաքել են ազնվամորու առաջին բերքը և այժմ պատրաստվում են հիմնական սեզոնին, որը կսկսվի օգոստոսի վերջ: Նախորդ սեզոնի համեմատ շուկայում նկատվել է ազնվամորու առաջին բերքի որակի անկում։ Արտադրողները դա բացատրում են մի քանի գործոններով:
Ըստ ֆերմեր, Վրացական հատապտուղների ասոցիացիայի ղեկավար Էլիսո Ղվինիաշվիլիի՝ ազնվամորու արտադրողների ավելի քան 20%-ը, ովքեր հիմնականում Կախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններից են, լքել է շուկան, ինչը բացասական ազդեցություն է թողնում մատակարարման վրա։ Շուկան լքելու պատճառներից մեկը բաց տարածքում հատապտուղների աճեցման համար այժմյան ոչ հարմար կլիման է, նաև սեզոնի ուշ մեկնարկը` ինչը կապված է համեմատաբար զով գարնան հետ։
Վրաստանում ազնվամորու ամենատարածված տեսականու՝ «Կարոլինայի» բերքահավաքը կսկսվի օգոստոսին, և դեռ վաղ է խոսել մատակարարման զգալի կրճատման մասին։
Ինչ վերաբերում է որակին, ապա, ըստ Ղվինիաշվիլիի, որակը կախված է մի քանի գործոններից, ինչպիսիք են՝ այգու խնամքը, հատապտղի տեսակը և եղանակային պայմանները։ Նրա խոսքով այս սեզոնին ֆերմերների ծախսերն այգիների խնամքի համար աճել են: Շատ այգիներում կան ազնվամորու հին սորտեր, օրինակ «Կարոլինան», հեշտությամբ վնասվում է բերքահավաքի ժամանակ: Կախեթի և Քվեմո Քարթլիի նման շրջաններում եղանակային ծայրահեղ պայմանները նույնպես բացասաբար են անդրադառնում որակի վրա:
Կախեթիից հատապտուղ արտադրող Զուրա Ալավիձեի խոսքով, այս սեզոնի առաջին բերքը անորակ է եղել նախորդ սեզոնի եղանակի անբարենպաստ ազդեցության պատճառով:
«Անցած սեզոնին Կախեթիում բերքահավաքի ժամանակ երաշտ էր, որը տևեց 20 օր։ Դրանից հետո սեպտեմբերին մեզ մոտ անձրևային եղանակ էր։ Ինչը բացասաբար է ազդել հատապտուղների որակի վրա ոչ միայն անցած տարի, այլեւ այս սեզոնին։ Անորակության պատճառով առաջին բերքի մեծ մասը վաճառել ենք վերամշակող գործարանին, ոչ թե թարմ շուկային։ Հույս ունենք, որ աշնանային բերքահավաքից ավելի լավ որակ կստանանք, թեև դա կրկին կախված է եղանակից»,- ասում է Ալավիձեն։
Մցխեթա-Մթիանեթիի շրջանի հատապտուղ արտադրող մեկ այլ ֆերմեր Մաթե Խուրցիձեն, EastFruit-ին պատմել է այս սեզոնում ազնվամորու ցածր բերքատվության և թանկացման մասին:
«Մենք ունենք 2 հեկտար ազնվամորու ժամանակակից սորտեր, այդ թվում՝ «Տուլա Մեջիկը», որոնցից մեկ հեկտարն այս տարի է տնկվել։ Ամառային բերքահավաքի կեսերում ենք։ Բերքահավաքը սկսվել է հունիսի 17-ին՝ նախորդ տարվա համեմատ 10 օր ուշ։ Ակնկալում ենք հավաքել 6 տոննա ազնվամորի, ինչը բավարար չէ, քանի որ նախորդ սեզոնին նույն բերքը ստացել էինք ավելի փոքր տարածքից և ավելի երիտասարդ բույսերից։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այս սեզոնին առաջարկն ավելի քիչ է, քանի որ ազնվամորու գինը մեր դեպքում աճել է ավելի քան 50 տոկոսով։ Մենք վաճառում ենք փաթեթավորված ազնվամորի սուպերմարկետների ցանցում՝ «Շեսարգի» ապրանքանիշով»,- ասել է Խուրցիձեն։
Ղվինիաշվիլիի խոսքով՝ այգուց առանց փաթեթավորման ազնվամորի վաճառող ֆերմերների համար նախորդ տարվա համեմատ գինը չի բարձրացել։ Նրա խոսքով, այս տարի, ինչպես նախորդ սեզոնին, գյուղացու համար ազնվամորու գինը կազմում է 6-7 լարի (2,08-2,43 դոլար) մեկ կիլոգրամի դիմաց:
EastFruit-ի մոնիտորինգի համաձայն՝ 2022 թվականի ազնվամորու սեզոնը սկսվել է նախորդ տարվա համեմատ ավելի բարձր գներով։ Սակայն վերջին երեք շաբաթվա ընթացքում գների կտրուկ անկում է նկատվում։ Անցած շաբաթ ազնվամորու միջին մեծածախ գինը կազմել է 7 լարի/կգ (2,4 դոլար),իսկ 2021 թվականին 1կգ-ի դիմաց 6 լարի (1,91 դոլար) էր։