Վրացական AML պլատֆորմի՝ Ambry Solutions ընկերության պատրաստած վերջին զեկույցից պարզ է դառնում, որ Վրաստանում Tesla Video Media վիրուսային բուրգի սխեման առավել տարածված է եղել Ախալքալաքում, օգտատերերի 25%-ից ավելին Ախալքալաքից են եղել, որին հաջորդում են Մառնեուլին և Ախալցիխեն։ Այս սխեմայում ներդրված ընդհանուր գումարի չափը կազմում է 45 միլիոն դոլար:

Ambry Solutions-ի մանրակրկիտ հետաքննության արդյունքում պարզվել է, որ բուրգային սխեմայի օգտատերերի ավանդադրած գումարը բաշխվել է Tether կրիպտոարժույթով (USDT) ընկերությանը պատկանող մի քանի գործառնական հաշիվների վրա: Հավաքված գումարի հիմնական մասը Tesla Video Media-ի սեփականատերերը պահում են դրամապանակներում. դրանցից մեկում ներկայումս պահվում է մոտ 10 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ։ Հատկանշական է, որ չնայած բուրգային սխեմայի փլուզմանը, նշված հասցեով միջոցներ դեռևս պահվում են։

Ambry Solutions-ի հաշվարկներով՝ ընդհանուր շրջանառության մի մասը՝ մոտ 20-25 տոկոսը, բուրգային սխեմայի սեփականատերերը վճարել են նախագծի մասնակիցներին, ինչը հիմնականում արվել է սխեմայի վստահելիությունը բարձրացնելու նպատակով։

Դրանից բացի, համեմատաբար փոքր գումարներ, սովորաբար 10-50 հազար դոլարի սահմաններում, պարբերաբար ուղարկվել են այնպիսի կրիպտո հաշիվներ, որոնք մեծ շրջանառություն ունեն աշխարհի առաջատար բորսաների՝ Binance-ի, Okex-ի և Huobi-ի հետ։

Ambry Solutions-ի կարծիքով, այս հաշիվներից շատերն օգտագործվում են բուրգային սխեմաների կողմից իրենց հետքերը թաքցնելու նպատակով:

Պետք է նշել, որ Ambry-ը գտել է առնվազն չորս գործարք, որոնք կատարվել են աշխարհի խոշորագույն կրիպտո փոխանակումից՝ Binance-ից, և որոնց ընդհանուր ծավալը կազմում է $100 հազար։ Ambry Solutions-ը կարծում է, որ այս գործարքները կապված են բուրգային սխեմայի մեջ ներգրավված օգտատերերի հետ, ովքեր տվյալ գործարքների դիմաց հարթակից ակնկալում էին որոշակի շահույթներ:

«TeslaVideoMedia-ն ֆինանսական բուրգի ևս մեկ սխեմա է, որից, ցավոք, տուժել են շատ մարդիկ: Իրենց նպատակներին հասնելու համար նախագծի ղեկավարներն օգտագործել են կրիպտո-գործարքներ, որոնք զգալիորեն խաթարել են կրիպտոաշխարհի հեղինակությունը հանրության աչքում։ Ցավոք, «հեշտ փող աշխատելու» թեման այսօր էլ արդիական է մեր հասարակության մեջ։ Մարդիկ վստահում են նման ծառայություններ մատուցող հարթակների տրամադրած տեղեկատվությանը, թեև գիտակցում են գումար կորցնելու ռիսկը», –  հայտարարել է Ambry-ի համահիմնադիր Լուկա Լոմսաձեն։

TeslaVideoMedia-ի հետ կապված կրիպտո հաշիվների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուրգային սխեմայի կրիպտո հաշիվներից մեկը կապված է մեկ այլ բուրգի սխեմայի հետ, որը կոչվում է GRENMINE.

Ambry Solutions-ը ենթադրում է, որ բուրգի սխեման պլանավորվել է 2021 թվականի կեսերից մինչև 2021 թվականի դեկտեմբերը:

Տեղեկությունը տարածում է Business Media-ն: