Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային տենդեր է հայտարարել մունիցիպալիտետի 5 գյուղերում մարզահրապարակների և մանկական խաղահրապարակների կառուցման ու տեղադրման համար:
Տենդերի ընդհանուր գումարը կազմում է 68 000 լարի, որից յուրաքանչյուր գյուղ ունի իր առանձին գումարը։ Մունիցիպալիտետի ամենամեծ գյուղում՝ Դիլիսկայում, ըստ տենդերի կլինի մանկական խաղահրապարակ, այն կլինի ամենաթանկը 5 գյուղերից՝ 20 000 լարի արժողությամբ։
Ազմանա գյուղում կառուցվելու է մարզահրապարակ՝ 5 տեսակի մարզասարքերով (Խաս Բախչա զբոսայգու մարզահրապարակի նման)։ Տենդերի առավելագույն արժեքը կազմում է 12 000 լարի:
Հոկամ գյուղը նույնպես կունենա մարզահրապարակ՝ 6 տեսակի մարզասարքերով, որի համար տենդերով հատկացվել է 16 000 լարի։
Քարսեպ գյուղում 4 տեսակի մարզասարքերով մարզահրապարակի կառուցման համար տենդերում նշված է 10 000 լարի գումար:
Ախալքալաքի շրջանի Բուզավեթ գյուղում որոշել են ոգևորել և՛ երեխաներին, և՛ երիտասարդներին: Այստեղ նախատեսվում է կառուցել խաղահրապարակ, որտեղ կլինի 2 մարզասարք և 2 ճոճանակ երեխաների համար, նաև նստարան, դրա համար հատկացվել է 10 000 լարի:
Էլեկտրոնային մրցույթի վերջնաժամկետը հուլիսի 18-ն է:
Նշենք, որ այս տարի նախատեսվում է նաև երկու մարզահրապարակի տեղադրում Ախալքալաքում՝ Աղմաշենեբելի փողոցում և նախկին զինվորական ավանում: