Հուլիսի 11-ին, Նինոծմինդա քաղաքում «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի բակում տեղադրվել է բազալտե խաչքար:
Խաչքարի օրհնության կարգը կատարել են Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը և Նինոծմինդայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։
Խաչքարը կանգնեցվել է Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Խաչքարի հեղինակը քանդակագործ Արա Ղարսլյանն է։
Բարերար Արմեն Ղարսլյանն իր խոսքում ասել է.
«Այսօր հիշարժան օր է, ինչպես մեր Ղարսլյանների, այնպես էլ քաղաքի բնակիչների համար։ Այս խաչքարը կանգնեցվել է ի պատիվ մեր նախնիների: Ես ուզում եմ, որ այս վայրը մեր բնակիչների համար լինի աղոթավայր։ Սա ոչ միայն իմ պապի և տատի՝ Թևան և Արևակ Ղարսլյանների հիշատակին նվիրված խաչքար է, այլ նաև մեր բոլոր նախնիների, ովքեր եկել ու հիմնել են այս բնակավայրը»։
Հայրենասիրական տարբեր ելույթներով հանդես են եկել «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի՝ «Առավոտ լուսո» երգչախումբը, «Ծաղկազարդ» պարի խմբակը, «Պառնաս» ասմունքի խմբակը, ինչպես նաև բակային ճամբարի երեխաները:
Հուշարձանի բացմանը ներկա են եղել Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորը, հյուրեր Վրաստանից ու Հայաստանից:
Փոխանցում է Nor ռադիոն: