Ապահովագրական ասոցիացիայի ղեկավար Դևի Խեչինաշվիլիի խոսքով՝ ապահովագրական բիզնեսը փորձում է նպաստել պարտադիր ապահովագրության մասին օրենքի ընդունմանը, քանի որ Վրաստանը մնում է աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը չունի որևէ տիպի պարտադիր ապահովագրություն։
«Պահանջներից մեկը, որը մենք երկար տարիներ ստանում ենք Եվրամիությունից, Վրաստանում ավտոմեքենաների սեփականատերերի պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրումն է։ Սա շուկայի չափը մեծացնելու, բնակչությանն ու տնտեսությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, քանի որ ապահովագրական հատվածը կստանա լրացուցիչ 200 մլն լարի, ինչը կնպաստի երկրում ապահովագրական մշակույթի զարգացմանը»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով, աշխարհի շատ երկրներում օրենքը չի պարտավորեցնում քաղաքացիներին ապահովագրել իրենց գույքը՝ դա իրենց անձնական գործն է, բայց միևնույն ժամանակ, պատասխանատվության ապահովագրությունը պարտադիր է ավտոմոբիլային հատվածում, եթե վարորդը ինչ-որ մեկին վնաս է պատճառել, ապա վնասի փոխհատուցումը չպետք է կախված լինի նրա եկամտի չափից։
«Վրաստանում մեկուկես միլիոն մեքենա կա, և ոչ ոք չի ստիպում նրանց տերերին ապահովագրել մեքենան, բայց դրա հետ մեկտեղ տարեկան մի քանի տասնյակ հազար ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում։ Հետեւաբար, այդ վնասների փոխհատուցումը չպետք է կախված լինի վարորդի կարողությունից: Գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ Վրաստանի և մի քանի աֆրիկյան երկրների, երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրությունը պարտադիր է։ Պարտադիր ապահովագրության դեպքում հատուցումը կատարվում է առանց բացառության՝ անկախ մեղքից։ Պարտադիր ապահովագրությունը փոխհատուցում է դժբախտ պատահարից առաջացած բոլոր վնասները»,- ասում է Դևի Խեչինաշվիլին։
Կարդալ ավելին bizzone.info-ում