Էլեկտրաէներգիայի սակագնի զգալի բարձրացումն անխուսափելի է։ Այս մասին ասվում է Energo Pro Georgia-ի հայտարարության մեջ, որը էլեկտրաէներգիա է մատակարարում Վրաստանի շրջաններին:
«Մենք արդեն հիմա կարող ենք եզրակացնել, որ սպառողական սակագնի բարձրացումը, ցավոք, անհրաժեշտ է: Ընդգծենք, որ գործող սակագինը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից՝ 3 տարի ժամկետով: Գործող սակագինը, օբյեկտիվ պատճառներով, վաղուց ի վիճակի չէ փոխհատուցել էլեկտրաէներգիայի գնման համար կտրուկ աճող ծախսերը: Մենք արդեն 10 ամիս է գտնվում ենք ծանր ֆինանսական ճգնաժամում և ստիպված էինք հրաժարվել բոլոր զարգացումներից ու ծրագրերից, էապես կրճատել ներդրումային ծրագրերը, աշխատավարձի հիմնադրամի ֆինանսավորումը բարդացել է», – ասում է էներգաբաշխիչ ընկերության գլխավոր տնօրեն Միխեիլ Բորցվաձեն:
Ընկերությունում ընդգծում են, որ չնայած գոյություն ունեցող դժվարություններին, հիմնադիրների խմբի և բանկային սեկտորի օգնությամբ, Energo Pro Georgia-ն կարողացել է կատարել իր պարտավորությունները և պահպանել բոլոր աշխատակիցներին: Այնուամենայնիվ, ներդրումային նախագծերի լուրջ կրճատումը բացասաբար է ազդում ծառայությունների որակի և էլեկտրաէներգիայի մատակարարման կայունության վրա:
Ընկերությունում ասում են, որ եթե սակագինը չբարձրանա, ապա Energo Pro Georgia-ն չի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ երկրի շրջաններին էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
«Հիմա հերթն Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովինն (Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորման հանձնաժողով) է, մենք ամբողջ պատասխանատվությունն ուղղում ենք նրանց կողմ: Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ենք անցկացրել սակագնի ճշգրտումներ առաջացնող յուրաքանչյուր չափորոշչի վերաբերյալ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ մենք դեռ չենք կարողացել համաձայնության գալ:Մենք ուզում ենք հավատալ, որ Կարգավորող հանձնաժողովի որոշումը կլինի հավասարակշռված և հարիր բարդ իրավիճակին, այլ ելք պարզապես չկա, բոլոր ռեսուրսները սպառված են»: – հայտարարում է ընկերության գլխավոր տնօրենը:
Էլեկտրաէներգիայի սպառողական սակագինը փոփոխելու մասին որոշումը պետք է ընդունվեր անցած շաբաթվա սկզբում՝ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի կողմից: Սակայն, ինքնամեկուսացման մեջ գտնվող մի քանի աշխատակիցների կորոնավիրուսո վարակվելու վտանգի պատճառով որոշվեց հետաձգել նիստը: