Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը առաջիկա խորհրդարանական ընտրություններին դեռ ոչ մի քաղաքական ուժի չի սատարում: Սակայն պատրաստակամություն է հայտնում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ունենալ Ջավախքի սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրների շուրջ:
Խորհուրդը, ամփոփելով «Վրացական երազանք» քաղաքական թիմի կողմից ջավախքահայության շրջանում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև մանրակրկիտ քննության առնելով ջավախքահայության ներկայիս վիճակը և սպասվելիք մարտահրավերները, հայտարարում է.
«Չնայած “Վրացական երազանքի” առաջնորդների նախընտրական ու հետագայի հավաստիացումներին և առկա նախադրյալներին՝ անցած չորս տարիներին պետության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվել միայն սոցիալ-տնտեսական, ենթակառույցների բարելավման ուղղությամբ: Այդուհանդերձ, ջավախքահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական և հոգևոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր, խորանալով դարձել են նոր անհանգստությունների և հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պատրաստակամություն է հայտնում հանդիպել խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ, քննարկել Ջավախքում առկա խնդիրները, որից հետո հանդես կգա նոր հայտարարությամբ:
«Առայժմ ոչ մի հիմք չունենք սատարելու Վրաստանի խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից որևէ մեկին: Խորհուրդը միաժամանակ հայտարարում է, որ պատրաստակամ է հանդիպումներ և ջավախքահայությանը հուզող բազմապիսի և բազմոլորտ խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներ կազմակերպել բոլոր քաղաքական ուժերի հետ, լսելու վերջիններիս մոտեցումները նշյալ հիմնահարցերի հանդեպ, որոնց արդյունքում էլ Խորհուրդն առաջիկայում հանդես կգա Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ հստակ դիրքորոշումներ արտահայտող նոր հայտարարությամբ»,- ասված է Խորհրդի հայտարարության մեջ: