Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին խրախուսելու ծրագիրը Վրաստանում կտևի մինչև այս տարվա ապրիլի վերջ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։

«COVID-19-ի դեմ պատվաստման խթանման ծրագիրը երկարաձգվել է մինչև ապրիլի 31-ը»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Ծրագրի շրջանակներում 50 և ավելի տարեկան Վրաստանի քաղաքացիներին պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո վճարվում է 200 լարի։ Նույն տարիքային խմբի քաղաքացիները, ովքեր ընդունել են խթանիչ դեղաչափը, ստանում են 100 լարի:

Կենսաթոշակային տարիքը չլրացած քաղաքացիներին գումար փոխանցելու համար Վրաստանի առողջապահության նախարարության սոցիալական գործակալությունը նրանց համար անձամբ հաշիվներ կբացի «Լիբերթի» բանկում։

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար հնարավոր է գրանցվել Առողջապահության նախարարության կայք-էջում կամ զանգահարելով թեժ գծով՝ 1522։ Հնարավոր է պատվաստվել նաև՝ դիմելով ցանկացած պատվաստման կենտրոնի։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է 2021 թվականի մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբեր։ Համազգային քարոզարշավը զանգվածային բնույթ էր ստացել անցյալ տարվա հուլիսի սկզբին։

Ապրիլի 7-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 1 257 713 մարդ կամ չափահաս բնակչության 43,8%-ը։ Այդ թվում միայն մեկ դեղաչափ ստացած պատվաստված անձանց թիվը կազմում է 1 362 238 կամ չափահաս բնակչության 47,4%-ը։ Խթանիչ դեղաչափը ստացել է 240 272 քաղաքացի: