Քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ամռանը Վրաստանում կվերականգնվի համաճարակի շրջանում իրականացվող չվերթների 40-48 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ավիացիոն հաղորդակցության վերականգնման մասշտաբները կախված են համաճարակաբանական իրավիճակից ինչպես Վրաստանում, այնպես էլ գործընկեր երկրներում:

Գործակալության ղեկավար Լեւան Կարանաձեի խոսքով՝ 2021 թվականին միջին հաշվով կիրականացվի շաբաթական 180-190 չվերթ, սեզոնի պիկում՝ մինչեւ 290 չվերթ:

Ընդ որում, Վրաստանի ավիացիոն շուկայում 33 տոկոսով ավելի քիչ ավիաընկերություններ կաշխատեն, քան նախահամաճարակային շրջանում: Մոտավորապես 2021 թվականի հուլիսի 1–ի դրությամբ Վրաստանում ակտիվորեն կաշխատեն 30 ավիաընկերություններ:

«Տարբերությունն ակնհայտ է՝ մինչեւ համաճարակ, 2019 թվականին Վրաստանում աշխատել է 45 ավիաընկերություն, որոնք շաբաթական միջինը 460-470 չվերթ են իրականացրել, պիկի ժամանակ՝ 590-600, այսինքն՝ այժմ 2 անգամ պակաս։ Դա էլ, եթե մոտ ժամանակներս համաճարակաբանական իրավիճակը երկրում չվատթարանա», – հայտարարել է գործակալության ղեկավարը: